Ո՛չ Մարին, ո՛չ Մակրոն. Ֆրանսիայում դպրոցականները ցույցի են դուրս եկել
Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ բողոքող դպրոցականների և ուսանողների երթն ուղեկցող ոստիկանությունը արցունաքբեր գազ է կիրառել ցուցարարներին հանդարտեցնելու համար: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Ի պատասխան ոստիկանության վրա նետվող շշերի ու ծխացող գլանների, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Ցույցը սկսվել է այսօր առավոտյան: Փարիզի մի քանի հարյուր դպրոցականներ և ուսանողներ սկզբում դպրոցներից և քոլեջներից երթով հասել են Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Բաստիլի հրապարակ: Ցույցի մասնակիցներից մի քանիսը կոտրել են խանութների ցուցափեղկերը: Ամբողջովին կամ մասամբ շրջափակվել են մի քանի ուսումնական հաստատություններ:
Երիտասարդները հանդես են գալիս «Ո՛չ Մարինը, ո՛չ Մակրոնը» կարգախոսով, արտահայտելով իրենց վերաբերմունքը երկրորդ փուլ անցած Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների՝ նախկին նախարար Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի դեմ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Էմանուել Մակրոնը ստացել է 24,01 %, իսկ Մարին լը Պենը՝ 21,3 % ձայն: Երկրորդ փուլի ընտրությունները նշանակվել են մայիսի 7-ին: