211652_close_icon
views-count3549 դիտում article-date 20:55 21-02-2017

Ռուսաստանի Դաշնության պատվիրակները այցելել են ԼՂՀ Ազգային ժողով

Փետրվարի 21-ին Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գիտական, քաղաքական, հասարակական ու լրագրողական ոլորտների մի շարք ներկայացուցիչների, ովքեր դիտորդական առաքելությամբ մասնակցել են փետրվարի 20-ին կայացած Սահամանդրության հանրաքվեին: Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, նշել է, որ վերջին օրերին հնարավորություն է ունեցել հանդիպելու տարբեր երկրներից ժամանած դիտորդական խմբերի հետ և ուրախ է, որ բոլորը դրական են գնահատել Արցախում կազմակերպված հանրաքվեն: «Ես, որպես միջազգային դիտորդ, մասնակցել եմ նաև 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին և շատ տպավորված էի ժողովրդավարության այն մակարդակով, որը դուք ունեք ձեր երկրում: Այս հանրաքվեով դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք դա: Մի բան հստակ է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է որպես պետություն»,- ընդգծել է ԱՊՀ երկրների ինստիտուտների Եվրասիական ինտեգրման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը: Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը նկատել է, որ մարդիկ հանրաքվեին մասնակցում էին բարձր տրամադրությամբ և վստահ էին իրենց կատարած ընտրության և ազատ կամարտահայտության հարցում: Անդրադառնալով Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին՝ հյուրերը նշել են, որ եղել են այն բնակավայրում, որտեղ Թալիշ գյուղի բնակիչները ապաստանել են ապրիլյան իրադարձություններից հետո, և զարմանալիորեն հիացել են, թե ինչպես են նրանք պատրաստակամություն հայտնում վերականգնել հարազատ գյուղը: Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:

Նմանատիպ նյութեր