211652_close_icon

ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակները Քննչական կոմիտե են այցելել

views-count958 դիտում article-date 19:36 11-12-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Արսեն Այվազյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին է ներկայացրել Քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթները և կարողությունները։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության շրջանակում կատարված աշխատանքներին, Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև Քննչական կոմիտեի գործունեությանը վերաբերող այլ հարցերի։

ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակները կարևորել են կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ իրավապահ ոլորտին առնչվող խնդիրների շուրջ տեղեկատվության փոխանակման համար: Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը:

Նմանատիպ նյութեր