211652_close_icon
views-count22004 դիտում article-date 22:20 15-02-2017

Ջրականում զոհված դիպուկահար Գրիգոր Հարությունյանը այսօր կդառնար 20 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

1997թ.-ի փետրվարի 15-ին Երևանում ծնվեց Գրիգոր Գևորգի Հարությունյանը և ո՞վ կասեր և ու՞մ մտքով այնժամ կանցներ, որ նա կմեռնի հերոսի մահով՝ իր հայրենիքի գոյության և բարօրության համար: Երևանի թիվ 127 դպրոցն ավարտելուց հետո նա անցել էր զինծառայության՝ ընդգրկվելով Արցախի Ջրականի պաշտպանական շրջանի զորամիավորներից մեկի կազմում, որտեղ էլ հենց յուրացրեց առաջնապահ-դիպուկահարի ռազմական մասնագիտությունը: 2016թ.-ի ապրիլի 2-ի գիշերը, երբ Ադրբեջանական պետությունը սանձազերծեց իր մշակած կայծակնային պատերազմի ռազմագործողությունները, առաջնագծում էր գտնվում նաև նա: Ապրիլի 2-ի կեսգիշերին, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակվում է հայկական կազմի 115 դիրքի վրա, որտեղ Գրիգորն իր ծառայակից ընկերոջ հետ էր միայն: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ սակայն նա չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն՝ մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Փետրվարի 15-ին Հարությունյանների ընտանիքին այցելեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության «Դուք մենակ չեք» նախաձեռնության շնորհիվ Հարությունյանների ընտանիքի հետ ընկերացած ազատամարտիկ Անահիտ Հովհաննիսյանը և ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Նարեկ Մարտիրոսյանը: Գրիգոր Հարությունյանի հայրական տանն էր նաև ազատամարտիկ Արմեն Մարգարյանն, ով Ապրիլյան պատերազմին նվիրված բանաստեղծություններից մեկը նվիրեց Հայոց պատերազմի հերոսների շարքն անցած հայորդու ծնողներին: Ա. Հովհաննիսյանը ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից Գրիգոր Հարությունյանի ծնողներին պարգևատրեց պատվոգրով: Այնուհետև ներկաներն ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի բարձունք, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նորօրյա հերոսների շարքում տեղ զբաղեցնող Գրիգորի շիրիմի առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր