Շվեդիային թույլատրել են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հարցաքննել Ջուլիան Ասանժին
Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կհարցաքննեն Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա գտնվում է մոտ 4 տարի, հաղորդում է The Guardian թերթը։
Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Էկվադորի դատախազությունը համաձայնվել է այդ հարցով օգնել Շվեդիային։ Դեսպանատանը նշել են, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհամաձայնեցվի Ասանժի հետ շփման օրը։
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադրին Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության մեջ։ Վերջինս, սակայն, հերքում է այդ մեղադրանքները։ Նա գտնում է, որ եթե վերադառնա Շվեդիա, ապա այդ երկրի իշխանությունները WikiLeaks կայքի գործունեության պատճառով իրեն կարտաքսեն ԱՄՆ։