211652_close_icon
views-count1984 դիտում article-date 20:39 08-08-2016

Երևանի անչափահաս բնակիչը դանակահարվել է ոչ թե բողոքի ակցիայի ժամանակ, այլ` Նորքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանին դանակահարվել է ոչ թե Օպերային հարող տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի, այլ՝ Նորքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ 2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 22:45-ին, «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 1998թ սեպտեմբեր ամսին ծնված մի պատանի: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պատանին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ։ Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ հուլիսի 30-ին մասնակցել է Ազատության հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային, ապա դրան հաջորդած երթին և, հասնելով Ֆրանսիական հրապարակ, ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում, որի ժամանակ էլ գոտկային հատվածում ցավ է զգացել։ Քրեական գործով ձեռնարկվել են բազմածավալ քննչական գործողություններ՝ տուժողի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում, բավարար արացույցներ են ձեռք բերվել, որ իրականում պատանին դանակահարվել է ոչ թե բողոքի ակցիայի ժամանակ, այլ՝ բոլորովին այլ վայրում՝ Նորքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի և նախկինում համապատասխան բուժհաստատությունում ստացել է բուժում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե [/b]

Նմանատիպ նյութեր