211652_close_icon
views-count8265 դիտում article-date 16:53 25-04-2016

Պատերազմը խախտում է լրագրողական էթիկական բոլոր սկզբունքները. media.am

Թղթակիցը, որն Արցախ էր գնացել, կարելի է ասել՝ գրեթե կիսազբոսաշրջային, ճանաչողական այցով՝ այլ լրագրողների խմբի հետ, հանկարծ հայտնվեց ռազմական գործողությունների թատերաբեմում: Եվ երբ նա զանգահարեց ու ասաց, թե իրենց հորդորում են հեռանալ՝ լեզուս չպտտվեց ասելու՝ ոչ, մնա: Քանի որ այդ պահին ոչ մեկին հայտնի չէր, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Արցախում, և առաջին հարցը, որը շամփրեց ուղեղս՝ այն էր, թե ինչ պատասխան եմ տալու իր մերձավորներին, եթե հանկարծ նրա հետ ինչ-որ բան պատահի, գրում է [url=http://www.media.am/media-ethics-during-war-time]media.am[/url]-ը: Այս ահռելի պատասխանատվությանը դեմ հանդիման՝ լիովին հասկանալի էր լրատվամիջոցների այն ղեկավարների պահվածքը, որոնք նախընտրեցին իրենք գնալ Արցախ, քան դա հանձնարարել ինչ-որ մեկին: Նման պահերին է, որ գլխիդ ես տալիս, թե ինչու են ընդհանրապես հայաստանյան լրագրողական հանրության մեջ, և մասնավորապես մեր խմբագրությունում՝ գերակայում աղջիկները: Սա էթիկական առաջին երկընտրանքն էր, որին բախվեցի: Եվ այդ, և հաջորդող օրերին անհամար էին նման խնդիրները, որոնց լուծումը պետք է տայիր ինքդ: Ու բոլորովին վստահ չեմ, թե ամեն ինչ ճիշտ արեցինք: Ամենակարևորը՝ պատերազմ ոչ ոք չէր հայտարարել, ռազմական դրություն մտցված չէր: Սակայն գործում էր խիստ ինքնագրաքննություն, որը ստիպում էր սահմանափակվել բացառապես պաշտոնական լրատվությամբ: Լրագրությունը սրանից շատ էր տուժում, սակայն նաև ապահովագրված էիր, որ թեկուզ սեփական թղթակցի կամ ականատեսների փոխանցածով՝ թերևս չես անի այնպիսի սխալներ, որոնք գուցե կարժենան կյանքեր: Այս ինքնագրաքննության հետևանքով էր, որ այդ օրերին դադարեցինք լուրեր տալ ադրբեջանական ու թուրքական մամուլից: Սրա համար մեր ռազմահայրենասերները մեզ շատ են քննադատել, բայց անտեսելով դա՝ միշտ հրապարակել ենք նման լուրեր, համարելով, որ մեր ընթերցողներն իրավունք ունեն ստանալու բազմակողմանի տեղեկատվություն: Սակայն ռազմական գործողությունների վերսկսումից հետո սաստկանում է նաև վտանգը, որ մանավանդ ոչ ադրբեջաներեն հրատարակվող տեղեկատվությունը կարող է ծառայել զուտ քարոզչական նպատակների: Բայց քարոզչական գործիք չծառայելու ցանկությունից բացի, այսուհանդերձ՝ անհարմարություն կար: Այն ծագում էր ամեն անգամ, երբ ասենք, հրատարակում էինք Հայաստանի կամ Արցախի պաշտպանական, արտաքին գերատեսչությունների որևէ պատասխան Ադրբեջանի արած հայտարարությանը, որը մինչ այդ չէինք հրապարակել: Հավասարակշռված լուսաբանումը, որը փորձում էինք ապահովել մինչ այդ՝ մեկեն ի չիք դարձավ այդ մի քանի օրերին: Ընդհանրապես՝ խախտեցինք շատ սկզբունքներ, որոնք մինչ այդ դավանել էինք: Ասենք, երբեք չէինք հրապարակել չծածկված դիակների նկարներ: Երբեք չէինք լուսաբանել հոգեհանգիստներ ու թաղումներ: Պատերազմը մի քանի օրով ջնջեց էթիկական ու մասնագիտական այն նորմերը, որոնց դավանում էինք: [b]Աննա Իսրայելյան. Առցանց «Առավոտ»-ի խմբագիր [/b] Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.media.am/media-ethics-during-war-time]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր