211652_close_icon
views-count1931 դիտում article-date 10:59 05-06-2026

Տիգրան Ավինյանի տված հանձնարարականն արհամարհում են. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարյուրավոր բնակիչներ ամիսներ շարունակ շնչում են «ML Mining»-ի բեռնատարներից առաջացած փոշին ու աղբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություններում ամեն անգամ նույնիսկ ամենախիստ ձևով կարգադրում է Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին, որ իրենք պետք է երբեմն իրենց կաբինետներից դուրս գան, շրջեն վարչական շրջաններում ու ամենախիստ պատժամիջոցները կիրառեն այն շինարարական կազմակերպությունների նկատմամբ, ովքեր աշխատանքները կատարում են թերի՝ չպահպանելով ոչ միայն կանոնները, այլ նաև սանիտարական վիճակը։

Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 104/1 հասցեից մինչև նոր կառուցվող «Նոր Երևան» թաղամաս հատվածում «ML Mining» ընկերության կողմից իրականացվող փնթի աշխատանքի վերաբերյալ, որով ոչ միայն բնակիչների անդորրն է խախտվում, այլ նաև փոշին պատուհաս է դարձել նրանց համար։

Երեկ՝ հունիսի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էլ չգիտենք՝ ինչ անենք։ Մենք չենք բողոքում, որ շենքեր են կառուցվում, ընդհակառակը ուրախ ենք, թող ավելի ընդլայնվեն Երևանի տարածքները, բայց ոչ բնակիչներիս առողջության հաշվին։ Փոշին սպանում է, էլ չենք դիմանում։ Հլը ձմեռը դուռ ու լուսամուտ փակում էինք, իսկ հիմա օրերը տաքանալուն պես ոնց որ մեր տներում կալանավորված լինենք, չենք համարձակվում բացել լուսամուտները։ Շինարարության փոշին րոպեների ընթացքում գրոհում է մեր տները։ Էն բեռնատարները, որ տեղափոխում են հողն ու քարը, անգամ անվտանգությունը չեն պահպանում՝ թափքերը բաց, ճանապարհն առանց թրջելու ու դրան գումարած՝ երեխաները չեն էլ կարողանում բակում խաղալ, քանի որ էդ  «Կամազ»-ները, «Howo»-ները, «Զիլ»-երը էնպես մի փոշի անելով են անցնում, քեզ թվում է գտնվում ես Սահարայի անապատում։

Բազմաթիվ անգամներ դիմել ենք պատասխանատուներին, սակայն դատարկ խոստումներ ենք ստացել։ Հետաքրքիր է՝ եթե էդ փոշին լիներ իշխանության ամենավերին էշելոններում բազմած պաշտոնյաների տների մոտ, էլի թողնելու էին, որ էդ ձևի փնթի աշխատե՞ն։

Հիմա վերջին անգամ դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, մենք էլ ունենք մաքուր օդ շնչելու, մեր երեխաներին մաքուր օդում զբոսանքի տանելու իրավունք։ Եթե այս խնդիրը չլուծեցիք, դիմելու ենք կտրուկ միջոցների, ընդհուպ՝ արգելելու ենք էդ «վայ» շինարարական կազմակերպության տեխնիկաները աշխատեն։ Տեխնիկաներ, որոնցից առաջացած փոշին նաև առողջական խնդիրներ է առաջացնում մեծահասակներիս մոտ։ Իսկ որպես քաղաքապետ դուք կարող եք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին մի թեթև հուշել, որ իր վարչական տարածքում հազարավոր բնակիչներ նման իրավիճակում են ապրում, դժվար չէ թաղապետարանը կամ քաղաքապետարանը շինարարական կազմակերպության հետ գոնե օրը 1 անգամ փոշեպատ այդ ճանապարհը ջրցան մեքենաներով գոնե ջրեն»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 21-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Բաբաջանյան փողոցի 98/2, 98/4, 98/5, 98/6, 98/7 և 98/8 շենքերի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին՝ բարձրաձայնելու իրենց դժգոհությունը հարևանությամբ կառուցվող «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային լուծումների վերաբերյալ։

Ըստ հավաքված քաղաքացիների՝ իրենց շենքերին հարող նեղ բակային ճանապարհը նախատեսվում էր միացնել նորակառույց թաղամասի ընդհանուր ճանապարհային համակարգին, ինչի արդյունքում այն կծառայեր հազարավոր բնակիչների տեղաշարժին։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վրդովված բնակիչները նշել էին. «Դիմում ենք մեր իրավունքների խախտման և մեզ համար էական նշանակություն ունեցող խնդրի վերաբերյալ։ Մեր շենքերի դիմաց արդեն շուրջ չորս տարի իրականացվում է «Նոր Երևան» թաղամասի շինարարությունը։ Այդ ամբողջ ժամանակահատվածում մեր շենքերի բնակիչներին որևէ կերպ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես չի տեղեկացվել, որ մեր բակային, նեղ և բացառապես մեր շենքերի համար նախատեսված ճանապարհը կարող է միացվել կամ օգտագործվել նոր թաղամասի ճանապարհային համակարգում։

Միայն այժմ՝ շինարարության մեկնարկից շուրջ 4 տարի անց, 2026 թվականի փետրվարի 6-ին, մեզ բանավոր տեղեկացվել է, թե ինչպես և ինչ նպատակով է նախատեսվում օգտագործել այդ ճանապարհը։ Սա առաջացրել է մեր խորին դժգոհությունն ու լուրջ անհանգստությունը։ Ուշ տեղեկացումը մեզ զրկել է ժամանակին առարկելու, քննարկումներին մասնակցելու և մեր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից»։

Բնակիչների խոսքով՝ տվյալ ճանապարհը բակային նշանակության էր և նախատեսված էր բացառապես իրենց շենքերի 197 բնակարանների համար։ Այն նեղ էր, տեխնիկապես պիտանի չէր մեծ երթևեկության համար և միաժամանակ ծառայում էր որպես ավտոմեքենաների կայանման տարածք։ Նրանց համոզմամբ՝ այն չէր կարող ապահովել նաև նոր կառուցվող թաղամասի շուրջ 4500 բնակարանների սպասարկումը՝ առանց խախտելու առկա բնակիչների անվտանգությունն ու հանգիստը։

Բնակիչները պահանջում էին, որպեսզի համապատասխան կառույցները վերանայեն նախագիծը, կազմակերպեն բաց և թափանցիկ քննարկումներ, ինչպես նաև հաշվի առնեն տեղացիների կարծիքն ու օրինական շահերը՝ նախքան վերջնական որոշումների կայացումը։

Լարված իրավիճակը շարունակվել էր նաև հավաքի ընթացքում․ քաղաքացիները նշել էին, որ պատրաստ են հետևողական պայքարի՝ իրենց բնակավայրի անվտանգությունն ու կենսամիջավայրը պաշտպանելու համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր