Արմավիրի մարզում 44-ամյա վարորդի «Գազելը» բախվել է էլեկտրասյանը, կա 9 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում, Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Մանվել Պողոսյանը իր վարած «Գազել» մակնիշի 1399 L համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիր քաղաքի բնակիչներ, 52-ամյա Վարդուհի Տերտերյանը, 51-ամյա Գայանե Աղաջանյանը, 57-ամյա Գառնիկ Փանոսյանը, 26-ամյա Լիլիթ Վարդանյանը, 16-ամյա Նարինե Սաիրյանը, Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի բնակիչներ՝ 48-ամյա Նարինե Վարդանյանը,45-ամյա Ռիտա Խաչատրյանը, Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Անուշ Խաչատրյանը, 19-ամյա Ալբինա Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Մեծամորի, մի մասը՝ Արմավիրի բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի, նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Ղահրամանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Գազելը» պատկանում է «Գալակտիկա-Տրանս» ընկերությանը:g