211652_close_icon
views-count3160 դիտում article-date 22:44 27-04-2026

Երևանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «BMW X5»-ի, «Tesla»-ի և «Toyota»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից «Toyota»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է ապրիլի 25-ին Երևանում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, հիվանդանոցում մահացածի և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «BMW X5»-ը վարել է 35-ամյա Գեղամ Խաչատրյանը, «Tesla»-ն վարել է 36-ամյա Անդրանիկ Պողոսյանը, «Toyota»-ն վարել է 75-ամյա Ազատ Գրիգորյանը։

Վթարի հետևանքով Ա․ Գրիգորյանը Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Կարճ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն էին տեղափոխվել նաև նշված ավտոմեքենաների ուղևորներ՝ 39-ամյա Նարինե Փ․-ն և 7-ամյա Հայկ Թ․-ն։

Ապրիլի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Ա․ Գրիգորյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW X5», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Յուրի Ամիրյանը, Սեյրան Ալեքսանյանն ու Վարդգես Մովսիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիրայր Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր