211652_close_icon
views-count4170 դիտում article-date 19:00 23-11-2015

Տղամարդը թողնում է հորն ու մորը և գնում կնոջ հետևից

Մայրական սերն անշահախնդիր-անպայմանական է: Այն ուղեկցում է մարդուն ծննդյան օրից, և նույնիսկ՝ հղիության ժամանակ: Ի տարբերություն մյուս սերերի, մայրական սերը չի ենթարկվում փորձությունների, արտաքին գործոնների, փոխադարձ սեր չի ակնկալում, նյութականացման կարիք չունի: Մայրական սերն ամենանվիրականն է, ինչ-որ առումով՝ բացարձակ: Իսկ մոր նկատմամբ սերը ամենաքաղցրն է, ամենանուրբը, ամենաանմարմինը: Ցավոք մոր նկատմամբ սերը երբեմն ենթարկվում է շահարկման: Հասունության հասած մարդը տեսակի ապրելու կամքով մղվում է նոր ընտանիք կազմելու: Այդ ժամանակ տղամարդը թողնում է հորն ու մորը և գնում կնոջ հետևից: Դա չի նշանակում, որ մարդը չի սիրում մորն ու հորը: Դա նշանակում է, որ տղամարդն իրացնում է իր առաքելությունը բնության և կնոջ նկատմամբ: Այսինքն՝ իր տեսակին ու կոչմանը հավատարիմ տղամարդը, բնականաբար, թողնում է հորն ու մորը և գնում կնոջ հետևից: Այդ բնականությունը հաշվի առնելով, քաղաքացիական հասարակությունը չի հանդիմանում այն մարդուն, որը նա թողնում է հորն ու մորը և գնում կնոջ հետևից: Եվ ցանկացած մայր, ինչքան էլ ինքնամոռաց սիրի որդուն, միայն ուրախանում է, երբ որդին տղամարդ է դառնում ու գնում կնոջ հետևից: Երկար ժամանակ ճիշտ չի հասկացվել «Տղամարդը թողնում է հորն ու մորը և գնում կնոջ հետևից» խոսքը: Ոմանք դա պատկերացրել են միայն փոխաբերական-խորհրդանշական իմաստով: Սակայն այդ խոսքը մարդկային հարաբերություններում կիրառելի է ուղղակի ձևով: Ի վերջո, եթե այն ուղղակի առումով ճշմարիտ չլիներ՝ չէր ասվի: Թյուր կարծիք կա նաև, թե կարելի է թողնել հորն ու մորը, բայց շարունակել ապրել նրանց հետ միասին՝ նույն հարկի տակ: Դա ինչ-որ առումով հնարավոր է միայն նահապետական-տոհմային համակարգում, որտեղ հասարակությունը բազմահարկ ընտանիք-տոհմ է, որի ուղղակի ղեկավարը նահապետն է՝ տոհմ-ընտանիքի ամենաավագ-ամենափորձառուն: Նա է սահմանում տոհմականների իրավունքները: Նահապետական ընտանիքում տղամարդն ամուսնանալուց հետո թողնում է հորն ու մորը, սակայն իրավունքի առումով ենթարկվում է նահապետին: Ընտանիքը հանդիսանում է նահապետական-տոհմային հասարակության հիմքն ու բարձրագույն արժեքը: Իսկ նահապետական ընտանիքը թողնող և կնոջ հետևից գնացող տղամարդը համարվում է թուլակամք, խիստ ասած՝ ընտանիքի դավաճան: Ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե քաղաքացիական հասարակության հիմքն ընտանիքն է: Այսինքն՝ ուզում են ապրել քաղաքացիական հասարակությունում, սակայն նահապետական արժեքներով: Այս լղոզ, կարկատած դիրքորոշումը գոլ ջրի ազդեցություն է թողնում թե՛ քաղաքացիականների, թե՛ նահապետականների վրա: Իրականում քաղաքացիական հասարակության հիմքը քաղաքացին է: Քաղաքացիական և նահապետական արժեքները մեծ մասամբ անհամատեղելի են: Քաղաքացիական հասարակությունում տղամարդը թողնում է հորն ու մորը և գնում կնոջ հետևից: Այսինքն՝ նոր ընտանիքը ձգտում է առանձին ապրել, որովհետև նոր գինու համար նոր տակառ է հարկավոր: Ուստի ընտանիքին բնակարանով ապահովելու խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլև՝ քաղաքակրթական: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր