211652_close_icon
views-count135938 դիտում article-date 10:06 22-07-2015

Ամիսներ առաջ ավտովթարի հետևանքով հորն ու մորը կորցրած զինվորականը Աշտարակի ճանապարհին այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 27-ամյա Գալուստ Վերդոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 QL 135 համարանիշի և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 26-ամյա Էդգար Միրզոյանի վարած ЗИЛ ММЗ 4502 մակնիշի 94 PP 004 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ի վարորդ Գ. Վերդոյանը տեղում մահացել է, իսկ հարվածի արդյունքում նրա ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ ЗИЛ-ն էլ , որը բարձված է եղել քարով, կողաշրջվել է: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Աշտարակի ոստիկանապետը, քննչական վարչության պետը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանը բժիշկների ուղեկցությամբ վթարի վայրից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխեցին Աշտարակի հիվանդանոց: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանը, նույն վարչության քննիչ Գագիկ Առաքելյանը և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանը: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից էր, իսկ նրա հայրն ու մայրն այս տարվա [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/17/43452/]փետրվարի 17-ին [/url]Արագածոտնի մարզի Արուճ գյուղի խաչմերուկում ավտովթարի էին ենթարկվել և [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/20/43830/]մահացել[/url]: Օպերատիվ է գործել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ոչ միայն փրկարարական աշխատանքներ են կատարել, այլ կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրով անցնում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով անգամ չբարեհաճեց ավտոմեքնայից իջնել և մոտենալ ոստիկաններին, փրկարարներին ու քննիչներին, այլ մեքենայի միջից 1-2 բառ խոսեց ՃՈ տեսուչի հետ և հեռացավ: Հավաքվածներին այդ փաստն այնքան էր զայրացրել, որ «բարի խոսքեր շռայլեցին» մարզպետի հասցեին՝ ասելով. «Տնաշեն, քո մարզում դաժան ու ողբերգական դեպք ա տեղի ունեցել, մի հատ չիջնե՞ս ու հետաքրքրվես՝ ինչը ինչոց ա, հետո էլ ասում են, թե մարզպետը տեղում է»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ցավալի ու ողբերգական դեպքեր են տեղի ունենում Կոտայքի, Լոռու, Վայոց Ձորի մարզերում, մարզպետները պարտադիր այցելում են դեպքի վայր, հետաքրքրվում վիրավորների վիճակով և հնարավորության սահմաններում սատար են կանգնում մարդկային կորուստ կրած ընտանիքներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր