211652_close_icon
views-count1524 դիտում article-date 09:23 25-06-2015

Վանաձոր-Ստեփանակերտ-Գյումրի. «Հորովել» մշակութային նախագիծն այլեւս իրականություն է. ֆոտոշարք

Շուրջ կես տարվա ստեղծագործական աշխատանք, երկարատեւ բեմական փորձեր, Գյումրի-Վանաձոր մշակութային երկխոսություն, նոր ձեւաչափ, պարի ու թատրոնի համդիպում մեկ բեմում, ազգային կարեւորության խնդիրների վեր հանում՝ համերգ- ներկայացման միջոցով. արդյունքնում «Հորովել» մշակութային նախագիծ՝ Վանաձորի համանուն երգի-պարի անսամբլի, Գյումրու Վ. Աճեմյանի եւ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների դերասանների մասնակցությամբ: «Հորովել»-ի առաջին պրեմիերան Վանաձորում էր՝ մայիսի 17-ին, երկրորդը՝ Ստեփանակերտում՝ հունիսի 12-ին: Նախագծի վերջին՝ տոնական ակորդը տրվեց մշակութային մայրաքաղաք Գյումրիում. հայաստանյան ամենաքննադատ հանդիսատեսը համերգ-ներկայացումը մի քանի անգամ ընդմիջեց ծափերով, ողջունեց բռավոներով ու ճանապարհեց՝ բարի երթի մաղթանքներով: Հորովելյան հաղթարշավի ողջ ընթացքում արտիստների ու կազմակերպիչների աշխատանքը բարձր են գնահատել ինչպես հայ ու արտասահմանյան հայտնի արվեստագետներ, այնպես էլ պետական գերատեսչությունների ղեկավարներ: Ստեփանակերտի բեմելից հետո Վանաձորի քաղաքապետարանին ու «Հորովել»-ին պատվոգրեր հանձնեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, նախագծի մասնակից բոլոր երեք համույթներն հունիսի 21-ին պարգեւատրվեցին Շիրակի մարզպետի պատվոգրերով, Վանաձորի քաղաքապետի շնորհակալագրեր ստացան նախագծի գյումրեցի անդամներն ու կազմակերպիչները: Եթե այս ամենին գումարենք նաեւ հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու երեք մշակութային քաղաքներում անվերապահորեն բարձր գնահատականի արժանանալը, վստահաբար կարելի է պնդել՝ «Հորովել»-ն անտարբեր չթողեց եւ ոչ մեկին ու անտեղի չէր բոլոր նրանց տքնաջան աշխատանքը, ում համախմբել էր «Հորովել»-ը: - Այսքանից հետո պարտավորություններն ավելի մեծացան,-ասում է «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետամայստեր Արայիկ Գևորգյանը,- մեր անձնական փորձից գիտեինք, որ այստեղ բծախնդիր հանդիսատեսի հետ ենք գործ ունենալու: Շատ ուրախ եմ, որ կարողացանք հուզել Գյումրու հանդիսատեսին: Այսօրվա համերգն ու նախագիծն, առհասարակ, նոր ազդակ է բոլորիս համար: Շնորհիվ այս ամենի ավելի ճանաչելի դարձանք ու հիմա մնում է շատ աշխատել՝ արժանավայել կրելու համար բոլոր համերգների ժամանակ հնչած ծափերը: «Հորովել»-ն եկավ ապացուցելու, որ արտագաղթի, հին ու նոր սերունդների բախման, ազգային ինքնության պահպանման կարեւորության, արմատներից չհեռանալու ու հայի լինելիության գաղափարախոսության մասին կարելի է խոսել պարի ու թատրոնի լեզվով՝ օգնելով պահպանել այն մշակութային դիմագիծը, որ հայկական ինքնության մասնիկն է: Ժամանակի շնչին համահունչ, բայցեւ հնի արմատների վրա կառուցված համերգ-ներկայացումը հայի ու հայկականի հրավառություն ստեղծեց բոլոր այն դահլիճներում, որտեղ եղավ, գերհագեցած ձայնային ու լուսային էֆեկտների զուգորդմամբ բեմ բարձրացած շքեղ ներկայացումները հանդիսատեսին ստիպեցին մտնել հայկական կոլորիտի մեջ, զգալ հայրենի բառ ու բանի ողջ հարստությունը, հպարտանալ մեր հզոր լեռնապարերով ու զմայլվել հայոց աղջիկների շորորով: ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությունը վայելող նախագիծն այլեւս իրականություն է, շարունակություն ունենալ-չունենալու հարցի պատասխանն էլ կտա ժամանակը: Նշենք նաեւ, որ համերգ ներկայացման բեմադրության հեղինակներն էին Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, «Հորովել»-ը բեմին էր Լուսինե Խաչատրյանի նկարչական ձեւավորմամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր