1526 դիտում
14:30 24-06-2015
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին մեղադրել է «ստոկհոլմյան սինդրոմով» տառապելու մեջ
Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ում ավարտվեց Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել է ՙստոկհոլմյան սինդրոմով՚ տապառելու մեջ՝ նշելով, որ Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի Խորհրդին։ Ներկայացնում են Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝
Հարգելի գործընկերներ,
Ես չեմ պատրաստվում խոսել Ադրբեջանում տիրող սուլթանական կարգերի մասին։ Ես չեմ ցանկանում խոսել ադրբեջանական բանտերում գտնվող ադրբեջանցի լրագրողների ու հասարակական գործիչների մասին, որոնց թիվը, ըստ ադրբեջացի իրավապաշտպանների, արդեն անցնում է 80-ը։ Ես չեմ խոսելու նաեւ ադրբեջանցի որոշ քաղբանտարկյալների առողջական վիճակի մասին, որը այլեւս ծայրահեղ է։ Ես չեմ ցանկանում խոսել նաեւ այն մասին, որ եթե ԵԽ անդամ Ադրբեջանում որեւէ մեկը համարձակվում է անգամ ամենաթեթեւ քննադատության ենթարկել ալիեւյան կլանին, անմիջապես հռչակվում է թմրամոլ, խուլիգան, հարկերից խուսափող ու հայտնվում բանտում։
Ինձ ուղղակի ցնցեց այս անպարկեշտ ու խայտառակ զեկույցը, որը պատրաստել են մեզ բոլորիս իրենց բացահայտ կողմնորոշմամբ հայտնի Ագրամունտն ու Իվինսկին։ Իհարկե, կարծում եմ, այս դահլիճում չկա գեթ մեկ մարդ, ով տեղեկանալով, թե ովքե՞ր են Ադրբեջանի հարցով համազեկուցողները, անկեղծորեն զվարճացած չլինի։ Պարզվում է, Իվինսկու եւ Ագրամունտի համար իրենց զեկույցը գրելու ամենահավաստի աղբյուրը ադրբեջանական ԱՊՊԱ լրատվական գործակալությունն է եղել։ Եւ մեր հարգարժան համազեկուցողները միանում են ադբեջանական ԱՊՊԱ-ին՝ մեղադրելով Հայաստանին՝ ՙժողովրդավարության փարոս՚ Ադրբեջանի դեմ ապատեղեկատվություն տարածելու մեջ, որպեսզի Բաքվում տեղի ունեցող առաջին Եվրոպական խաղերը տապալվեն։ Պարզվում է՝ հայկական լոբբին եւ մի քանի արեւմտամետ հասարակական կազմակերպություն, ինչպես նշում են հանրահռչակ համազեկուցողները, չարամտորեն չափազանցնում են Ադրբեջանում մարդու իրավունքների,մամուլի ազատության, կոռուպցիայի եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրները։Ինչպիսի դարակազմիկ մառազմ։
Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հրապարակված փաստերին՝ Ադրբեջանում տիրող խայտառակ հակաժողովրդավար վիճակի վերաբերյալ, ապա այստեղ եւս մեր համազեկուցողների հոգուն առավել հոգեհարազատ է եղել ադրբեջանական ԱՊՊԱ գործակալության մեկնաբանությունը, ըստ որի՝ նշյալ կազմակերպությունները աղավաղում են Ադրբեջանի ներքին քաղաքականությունը եւ մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Իհարկե, հասկանալի է, որ այս երկու գործիչների համար ամենահավաստի աղբյուրը ոչ թե բանտերում լցված լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստներն են, այլ անձամբ Իլհամ Հեյդարովիչ Ալիեւը։ Հասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ են Ագրամունտն ու Իվինսկին Ադրբեջանի մասին զեկույցում հղում անում իրենց դաշնակից Բոբ Ուոլթերի մեկ այլ խայտառակ նախաձեռնությանը՝ փորձելով խեղաթյուրել փաստերը։
Հարգելի գործընկերներ, որքա՞ն պիտի դեռ մենք թույլ տանք, որ ահա այսպես հրապարակայնորեն անարգեն մեր կառույցը։ Եթե, իհարկե, մենք որոշել ենք հարգել մեր կառույցի հիմնարար արժեքները եւ Եվրոպայի խորհուրդը վերջնականապես չվերածել մի ինչ-որ կիսանավթային սուլթանության դուստր ձեռնարկության։ Ես միանում եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությանը, որ բռնապետությունները տեղ չունեն Եվրոպայում։ Այլապես, տպավորություն է ստեղծվում, որ մեր կառույցում սկսում է գործել ստոկհոլմյան սինդրոմը, երբ պատանդը սկսում է պաշտպանել իրեն պատանդ վերցնողին։ Պատանդ վերցնողը, տվյալ դեպքում, կարծում եմ, հասկացաք, որ Ադրբեջանն է։
Նմանատիպ նյութեր
1839 դիտում
19:08 21-04-2015
Սա՛ է Եվրոպայի Խորհրդի կեղծ ժողովրդավարական դեմքը. Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է ԵԽ-ին
1458 դիտում
19:11 20-04-2015
ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը
1983 դիտում
21:51 28-01-2016
Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը քնած մարդուն կացնահարելն է. Նաիրա Զոհրաբյանը` ԵԽԽՎ լիագումար նիստում
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
943 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի