Վրաստանում հաշվում են ավերիչ ջրհեղեղի հասցրած վնասի չափը
Վրաստանի իշխանությունները սկսել են հաշվարկել հունիսի 14-ի բնական աղետի հասցրած վնասի չափը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Փախստականների գործերով նախարարությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով ափերից դուրս եկավ Վերե գետը՝ հեղեղելով ողջ Թբիլիսին: Ջրի տակ հայտնվեցին բազմաթիվ բնակելի տներ, կենդանաբանական այգին, տարբեր շինություններ, Մզիուրի այգին, քաղաքի կենտրոնական փողոցները: Մեծ վնաս է հասցվել նաև ենթակառույցներին:
Ջրհեղեղից զոհվել է 19 մարդ, տուժել է 110 ընտանիք: Սատկել է կենդանաբանական այգու գազանների մոտ կեսը: Զեկույցը ներկայացվելու է կառավարությանը, որն էլ առաջիկայում համապատասխան որոշում կկայացնի: