Քննարկվել է Գյումրիի և ճապոնական քաղաքներից մեկի հետ քույր քաղաք դառնալու հարցը
Այսօր` հունիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է պաշտոնական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Ողջույնի խոսքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության անհրաժեշտությունը հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հարցում: Խոսելով Գյումրիի և ճապոնական քաղաքներից մեկի հետ քույր քաղաք դառնալու և հետագա համագործակցության մասին՝ Գյումրու քաղաքապետը որպես կարևոր ուղղություն ընդգծել է սեյսմիկ ոլորտում փոխգործակցությունը:
Էյջի Տագուչին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ նույնպես կողմ է տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել վերջինիս ուղղված ծրագրերի իրագործմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: