Ուսամա Բեն Լադենի մահվան՝ հանրությանը ներկայացված հանգամանքները խեղաթյուրվել են
Ուսամա Բեն Լադենի մահվան՝ հանրությանը ներկայացված հանգամանքները խեղաթյուրվել են: Այսպիսի մեղադրանք է հնչեցրել ամերիկացի հայտնի լրագրող Սեյմուր Հերշը: Հասցեատերը Միացյալ նահանգների կառավարությունն է:
Ըստ Հերշի, Բեն Լադենը Պակիստանում ազատության մեջ չի եղել, այլ իրականում գտնվում էր այդ երկրի հետախուզական ծառայության վերահսկողության ներքո՝ ձերբակալվածի կարգավիճակում: Բեն Լադենին օգտագործում էին որպես ճնշման լծակ «Ալ Ղաիդայի» դեմ:
Բեն Լադենի գտնվելու վայրը ամերիկյան իշխանություններին հայտնել է պակիստանյան հետախուզության աշխատակիցը` դրա դիմաց ստանալով 25 մլն դոլար: Հերշի հոդվածի համաձայն, «Ալ Ղաիդայի» առաջնորդը չի հուղարկավորվել ծովում. նրան ուղղաթիռից նետել են Հինդուկուշ լեռների մոտ:
Հարկ է նշել, որ Հերշը հայտնի է իր լրագրողական հետաքննություններով: Նա արժանացել է Պուլիտցերյան մրցանակի, մասնավորապես` Վիետնամում ամերիկյան զինվորականների կատարած ռազմական հանցագործությունների մասին հոդվածի համար: