211652_close_icon

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կատարվել է Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի կարգ

views-count2235 դիտում article-date 15:46 24-04-2015
Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին երեկ լեփ-լեցուն էր. հավատավոր կապանցիները եկել էին մասնակցելու հավատքի եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակին մատուցվող պատարագին։ Պատարագից հետո տեր Վահան քահանա Հեբոյանը կատարեց հոգեհանգստի կարգ` հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի համար վերջին անգամ է հոգեհանգիստ կատարվում. այսօրվա` Մայր աթոռում նրանց Սրբադասման կարգից հետո այսուհետ ապրիլի 24-ը կլինի սրբերի հիշատակության օր: Հոգեհանգստի արարողությանը ելույթ ունեցավ նաեւ կապանցի 100 մանուկներից կազմված երգչախումբը (խմբավար՝ Գայանե Հարությունյան). եկեղեցում մանուկների ելույթն, իրոք, տպավորիչ եւ ազդեցիկ էր: Ժամը 19:15-ին, ինչպես Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում եւս հնչեց զանգերի 100 ղողանջ, որի խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, հայտարարվեց լռության րոպե: Եկեղեցուց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը` փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի գլխավորությամբ եւ այլ կապանցիներ միացան ամենամյա ջահերով երթին, որը կազմակերպում է ՀՅԴ <<Հայ երիտասարդական միությունը>>: Այն այս տարի համաքաղաքային բնույթ էր կրում: Ջահերով երթի մասնակիցները ոտքով հասան Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ Մեծ եղեռնի հուշակոթողի մոտ ներկաներին դիմեց տեր Վահան քահանա Հեբոյանը: Երթի մասնակիցները համալիրում հնչեցրին <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը>>:

Նմանատիպ նյութեր