Իրանը խնդրել է ՕՊԵԿ-ին գոնե 5%-ով կրճատել նավթի արդյունահանումը
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն ապրիլի 14-ին դիմել է Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությանը (OPEC)՝ խնդրելով գոնե 5%-ով կրճատել նավթի արդյունահանման ծավալները: Որպես պատճառ՝ իրանցի նախարարը նշել է նավթի գնի նոր, հնարավոր անկումը:
Ավելի վաղ Զանգանեն հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ը կկարողանա կոորդինացնել կազմակերպության անդամ երկրների նավթարդյունահանումը, որպեսզի իրանական պատժամիջոցների վերացումից հետո նավթի համաշխարհային շուկա Իրանի վերադառնալով կանխվի նոր գնանկումը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին, չնայած նավթի գնանկմանը, ՕՊԵԿ-ը որոշեց պահպանել օրական 30 մլն բարել նավթի արդյունահանման քվոտան: Եվ եթե Իրանի խնդրանքով կրճատվի նավթի արդյունահանումը 5%-ով, ապա ՕՊԵԿ-ի անդամ երկրները օրական 1,5 մլն բարելով ավելի քիչ նավթ կարդյունահանեն:
Իսկ ավելի վաղ Սաուդյան Արաբիան, որը համարվում է աշխարհի թիվ 1 նավթ արդյունահանող երկիրը, հայտարարել էր, որ չի պատրաստվում կրճատել նավթի արդյունահանման ծավալները և պահպանելու է օրական 10,3 մլն բարելի նավթարդյունահանման մակարդակը: