211652_close_icon
views-count1637 դիտում article-date 20:05 16-12-2014

Գումարվել է Ջավախքի Կարծախ գյուղում Ջիվանու տուն- թանգարանի ստեղծման հանձնաժողովի նիստը. ֆոտոշարք

Ջավախքից սերված մեծերից միայն Վահան Տերյանին է բախտ վիճակվել ծննդավայրում ունենալու սեփական տուն-թանգարան: Ինչպես Ջիվանին, այնպես էլ շատ հայորդիներ, ինչպիսիք են Վ. Սուրենյանցն ու Վ. Գայֆեջյանը, Հ. Մանանդյանն ու Չիֆթալարյանները, Լ. Զաքարյանը, Դ. Դեմիրճյանը, Հավասին և շատ ուրիշներ,դեռ սպասում են հայրենի հողում իրենց հիշատակը հավերժացնող հաստատությունների ստեղծմանը: «Ջավախքին աջակցություն»հիմնադրամը, գիտակցելով Ջավախքի մշակութային կյանքի զարգացման գործում հայ մեծերի կյանքի և գործունեության վերարժևորման կարևորությունը, ինչպես նաև ջավախահայության ծոցից ծնված այդ տաղանդաշատ մարդկանց հոգևոր ժառանգությունը հարազատ վայրերում ի ցույց դնելու անհրաժեշտությունը, ձեռնամուխ եղավաշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում մեծանուն աշուղի տուն-թանգարանի ստեղծմանը: Ի դեմս Վ. Տերյանի տուն-թանգարանի, այնպես էլ Ջիվանու հիշատակը հավերժացնող համանուն կենտրոնի` ջավախահայության ու համայն հայության համար կստեղծվի ևս մեկ հոգևոր հաստատություն: Դեկտեմբերի 16-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում մեծանուն աշուղի տուն-թանգարանի ստեղծմանառաջին նիստը, որին ներկա էին մի շարք մտավորականներ՝ մշակութային գործիչներ, կոմպոզիտորներ, պատմաբաններ, ինչպես նաև ՀՀ Աժ պատգամավորներ և գործարարներ։ Նիստի ընթացքում ներկայացվեց տուն-թանգարանի ստեղծման շարժառիթները, մինչ օրս իրականացված աշխատանքները։ Ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը մանրամասնեց տուն-թանգարանի ստեղծման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց կատարված չափագրումների ողջ փաթեթը։ Նիստին ելույթներով և առաջարկներով հանդես եկան Հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Հակոբյանը, գործարարներ Ս. Սահակյանը, Ա. Մկոյանը, Ա. Մահտեսյանը, Պ. Մարգարյանը, Ք. Նուրիջանյանը, Է. Ղալաչյանը, արվեստի, մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչ-մտավորականներ Ա. Մելքոնյանը, Կ. Խոդիկյանը, Թ. Պողոսյանը, Հ. Խաչատրյանը, Գ. Վարդերեսյանը, Գ. Սաֆարյանը, Կոմպոզիտորների միության փոխնախագահները, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Վարդապետյանը, պետական ոլորտի աշխատակից Հ. Հովհաննիսյանը, Կարծախ գյուղից ժամանած հյուրերը, այդ թվում նաև Ջիվանու տան ներկայիս սեփականատեր Ս. Բանգոյանը։ Նկատի ունենալով, որ 2016 թվականին լրանում է մեծանուն աշուղի 170-ամյակը՝ որոշվեց 2016 թվականը Ջիվանու տարի հռչակելու առաջարկով նամակ հղել ՀՀ պետական մարմիններին։ Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, (1846 մարտի 5- 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի Կարծախում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին. հարազատ միջավայրում տաղանդաշատ աշուղին ընդունում են առանձնահատուկ ջերմությամբ: Աշուղ Ջիվանին իրավամբ բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան, հայ մշակույթին անհարիր ելևէջումներից: Այսպիսով՝ Ջիվանին հանդիսացավ այն խոշոր ջրբաժանը, որով աշուղական արվեստը հայացավ և մեզ ժառանգվեց որպես ազգային մշակույթի, ազգային երգարվեստի անբաժան բաղադրատարր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր