211652_close_icon
views-count22414 դիտում article-date 20:11 28-08-2017

Իր դռները բացեց Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը

Երեկ` օգոստոսի 27-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից հիմնադրված Մեծանուն Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը: Տոնակատարությանը ներկա էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սեյրան Վանցյանը, Արմեն Մկոյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Գրիգոր Տաշչյանը (Պերմ), Համլետ Շահբեկյանը, Պարույր Պալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՋԱՀ-ի գործադիր վարչությունը, Ախալքալաքի և Նինոծմինդայի պաշտոնատար անձիք, նվիրատուներ, մտավորականներ, հոգևորականներ, արվեստագետներ, երաժշտագետներ, Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի տարբեր շրջաններից ժամանած հայրենակիցներ և ջիվանասերներ: Տոնական օրը սկսվեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում, որտեղ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը մատուցեց Սուրբ Պատարագ: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրք և ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան` հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու: ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ կարմիր ժապավենը կտրելուց հետո տուն-թանգարանի հուշային հատվածը հյուրերի առջև բացեց իր դռները: Շրջելով և ծանոթանալով Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածով, ներկաները հնարավորություն ունեցան երիտասարդ երաժիշտ Գևորգ Մելիքյանի կատարմամբ վայելել քամանչայի կենդանի երաժշտությունը, որի ելևեջները լսվում էին Ջիվանու տան օդայից, և համտեսել անմիջապես թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը: Նաև հենց այստեղ Ռուբեն Մաթևոսյանը տուն-թանգարանին նվիրաբերեց իր գիրքը, որտեղ կան Ջիվանուն նվիրված հատվածներ: Բացման արարողությունից հետո ներկաներին սպասվում էր համերգային ծրագիր, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը և հայտարարեց համերգային ծրագրի մեկնարկը: Իր ողջույնի խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, որում ընդգծեց այն փաստը, որ այսօր Ջավախքն ունեցավ ևս մի հոյակերտ մշակութային կենտրոն ի դեմս Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի, և իր շնորհակալական խոսքը հղեց ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամներին, տուն-թանգարանի բարերարներին և նվիրատուներին: Իր խոսքով հանդես եկավ նաև Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, ով արժևորեց Ջիվանու տուն-թանգարանի առկայությունը` նշելով, որ Կարծախը դարձել է հոգեմտավոր և մշակութային կենտրոն, ինչպես նաև հայոց ուխտատեղիներից մեկը: Ջիվանու օրն այս տարի առանձնացավ ոչ միայն ազգագրագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող տուն-թանգարանի հուշային հատվածի բացմամբ, այլև գեղեցիկ և աննախադեպ միջոցառումների բազմազանությամբ: Համերգային ծրագրում հնչեց ազգային նվագարանների երաժշտություն երիտասարդ երաժիշտների կատարմամբ, Ռուսլան Էլյազյանի Ջավախքին նվիրված երգի պրեմիերան, ելույթ ունեցան Ջավախքի տարբեր գյուղերի երգի ու պարի համույթներ` Կարծախի, Բարալեթի, Դամալայի, Վաչիանի պարի խմբերը: Ծրագրում ներառված էր նաև ցուցադրական ավազանկարչություն Ջիվանու պատկերներով. Գյումրիի Արվեստանոցի երիտասարդ նկարիչներն ընդամենը մի քանի րոպեում դատարկ փայտերը վերածեցին արվեստի գործերի և ստացան Ջիվանու պատկերները, որոնք հնարավոր էր ձեռք բերել անմիջապես բեմից կամ նույնիսկ մինչև համերգային ծրագրի մեկնարկը: Պատկերներից մեկը ձեռք բերեց և տուն-թանգարանին նվիրաբերեց «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը: Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը, որտեղ մեծանուն աշուղը անցկացրել է կյանքի առաջին տարիները, վերականգնվել է՝ պահանելով 19-20 դդ. տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, համալրվել այդ ժամանակվա կենցաղային իրերով՝ հավաքագրված Կարծախից և հարակից գյուղերից: ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը նշեց, որ հուշային հատվածի վերականգնման աշխատանքներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ջանքերով ներգրավվել են իրենց ոլորտներում առաջատար, մասնագիտական բարձր կարողություններով նվիրյալների մեծ թիմ. տուն-թանգարանի ճարատարապետական-շինարարարական նախագծերի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան, թանգարանի ազգագրագիտական բովանդակության և ցուցադրության կազմակերպման պատասխանատուն ազգագրագետ, թանգարանագետ Արգամ Երանոսյան, իսկ առարկաների մշակմամբ և վերականգնմամբ զբաղվել է մշակութաբան Նարինե Եղիկյանը, տուն-թանգարանի շինարարությունը իրականացրել է գլխավոր շինարար Միտյա Գալոյանը՝ իր թիմով: Հիշեցնենք, որ Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը բաղկացած է երկու մասից: 2016թ.-ի օգոստոսին՝ Ջիվանու օրվա շրջանակներում տեղի ունեցավ տուն-թանգարանի ցուցասրահի բացումը, որտեղ ամփոփված է Ջիվանու կյանքը, ստեղծագործական ուղին, աշուղի մասին մտքերն ու հուշերը: Ծրագիրը հնարավոր եղավ կյանքի կոչել նվիրատուների, գործընկերների և ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի օժանդակության շնորհիվ: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, կարևորելով Ջավախքում մշակութային կյանքի աշխուժացման և զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը, իր ռազմավարության մեջ առանցքային տեղ է հատկացնում մշակութային օջախների հիմնադրմանն ու մեծանուն ջավախքցիների համար մշակութային հանգրվանների ստեղծմանը, և այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ Կարծախում Ջիվանու տուն-թանգարանը յուրովի աշխուժացրել է գյուղը, խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Կարծախ և իր մշակութային միջոցառումներով փոխել գյուղի ընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը:

Նմանատիպ նյութեր