211652_close_icon
views-count935 դիտում article-date 20:57 14-11-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ այս հանդիպմամբ Էդգար Ղազարյանը ցանկանում էր որոշակիացնել հայ-լեհական միջպետական համագործակցության ընդլայնումը մասնավորապես երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղություններով: Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև առկա կապերը: «Հայ-լեհական հարաբերությունները հատկապես գյուղատնտեսության ոլորտում ունեն զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ու հեռանկարներ: Այս առումով կարելի է առանձնացնել Հայաստանի Հանրապետությունում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանից Լեհաստան թարմ պտուղ-բանջարեղեն, բանջարեղենային պահածոներ ու չոր մրգեր արտահանելու, ինչպես նաև համատեղ վերամշակող ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նաև ընդգծել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և ոլորտային մի շարք այլ հարցերում փորձի փոխանակման կարևորությունը: Դեսպան Էդգար Ղազարյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել լեհական կողմի հետ տեղում առավել մանրամասն քննարկել ագրարային ոլորտում համագործակցության հնարավորությունները, բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար: Նա նաև հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույնս կնպաստի երկու պետությունների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

Նմանատիպ նյութեր