211652_close_icon
views-count1154 դիտում article-date 21:09 20-06-2014

Հարցեր տվեք

Տարածված կարծիք կա, թե հանցագործ աշխարհում հարցեր տալ չի կարելի: «Ինչքան քիչ բան իմանաս, այնքան հանգիստ կարող ես ապրել» ասացվածքը նշանակում է, որ կարիք չկա հետքրքրասիրության, կարիք չկա հարցեր տալու, որովհետև այդ տեղեկությունները կարող են լրացուցիչ մտածմունքի առարկա դառնալ, ինչպես նաև, ցանկացած տեղ կարող ես հանգիստ ասել՝ «չգիտեմ» և զերծ մնալ ավելորդ խոսակցություններից: Սակայն իրականում այդպես չէ: Եվ ընդհանրապես, ցանկացած զրույց սկսելուց առաջ զրուցակիցները փորձում են գտնել ընդհանուր հարթակ: Ընդհանրություն գտնելու ամենապարզ հարցը ծանոթ է գրեթե բոլորին. «որտեղի՞ց ես» կամ «որտե՞ղ ես ապրում»: Այս հարցը պատահական չէ: Այս հարցի պատասխանի արդյունքում պարզվում է, որ զրուցակիցներն ունեն ընդհանուր ծանոթ, բարեկամ, ընկեր, հարևան, մի խոսքով՝ մի մարդ, ով երկուսի համար էլ ծանոթ է ու հասկանալի: Այդ ընդհանուր ծանոթ մարդու հետ կապված պատկերացումը դառնում է այն ընդհանուր հարթակը, որի վրա կառուցվում է զրույցը: Ընդհանուր հարթակ կարող է լինել ոչ միայն մարդը, այլև գաղափարը, կրոնական պատկերացումը, մշակութային երևույթը, գրական, երաժշտական, գեղարվեստական ստեղծագործությունը և իհարկե քաղաքացիությունը: Այդ ընդհանուր հարթակներում խոսելիս զրուցակիցները իրար հասկանում են, ինչպես ըդնհանուր ծանոթ մարդու մասին պատկերացման հարթակում: Տարբերությունն այն է, որ մարդու նկատմամբ վերաբերմունքը հասանելի է ցանկացած մարդու, իսկ գաղափարի շուրջ կարող են խոսել ոչ բոլորը: Այդպիսով, գտնելով զրույցի ընդհանուր հարթակ, զրուցակիցները սկսում են իրար ճանաչել: Այդ ընթացքում իրար հարցեր են ուղղում: Պարտադիր չէ, որ դրանք վերաբերվեն զրուցակցի անձնական կյանքին: Սակայն եթե մարդը ոչ մի հարց չի տալիս, ապա դա ուղղակի արհամարական վերաբերմունք է զրուցակցի նկատմամբ: Այդ պատճառով բարևից հետո, որպես քաղաքավարության նշան, հարցնում են. «ո՞նց ես, ինչպե՞ս են գործերդ, ի՞նչպես է առողջությունդ» և այլն: Դրանով զրուցակիցը ցույց է տալիս իր ուշադրությունը և հարգանքը զրուցակցի նկատմամբ: Բացի դրանից, հարցեր տալու ժամանակ զրուցակիցը տեղեկություն է փոխանցում իր մասին, իր հետարքրությունների մասին, իրեն հուզող հարցերի մասին: Եթե հարցերն ինքնաբուխ են, ապա դրանք ավելի շատ տեղեկություն են հաղորդում մարդու մասին, քան նրա պատմություններն իր մասին: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով զրուցակիցը ձեռնպահ է մնում հարցեր տալուց և իր մասին ավելորդ տեղեկություն բացահայտելուց: Այսինքն, եթե մարդը խուսափում է հարցեր տալուց, ապա նա ինչ-որ բան թաքցնում է, և նրան չի կարելի ամբողջովին վստահել: Մարդկային հարաբերություններում հենց այդպես են որոշում մարդը վստահության արժանի՞ է, թե՞ ոչ, նրան կարելի՞ է գաղտնիքներ վստահել, թե՞ ոչ: Եվ ուրեմն, հարցեր տվեք: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր