Օդեսայի ոստիկանության ողջ ղեկավար կազմը հեռացվել է աշխատանքից. Արսենի Յացենյուկ
Օդեսայի շրջանային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար կազմն ամբողջովին փոխվել է: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Օդեսայում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Հարցին, թե կոնկրետ ով է հեռացվել պաշտոնից, Յացենյուկը պատասխանել է. «Նախարարը որոշում է կայացրել ոստիկանության ողջ ղեկավար կազմը փոփոխելու մասին, իսկ նոր ղեկավարությունը պետք է Օդեսայում կարգուկանոն հաստատի»:
Ուկրաինայի վարչապետը նաև կոչ արեց Օդեսայի բնակչությանը ստեղծել խորհուրդ, որը վերահսկողության տակ կառնի մայիսի 2-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետաքննչական աշխատանքների ընթացքը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայում բախումների զոհ է դարձել 48 մարդ, իսկ 200-ից ավելին մարմնական վնասվածքներ են ստացել: