211652_close_icon
views-count1936 դիտում article-date 09:56 01-05-2014

Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատուն քայլերով դառնում է երկրապահ. 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է. «Ես համարում եմ ցավալի, որ երեկ` քվեարկության ժամանակ, չկար միահամուռ մոտեցում, կարծում եմ` դա վերջին ահազանգն է մինչև կառավարության ծրագրի ներկայացումը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` գնահատելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունները և ոչ իշխանական խորհրդարանական ուժերից մի քանիսի մասնակցությունն այդ քվեարկությանը: Նա ասել է, թե երբեք չի օգտագործել «քառյակ» եզրը, այլ ողջունել է չորս ուժերի կողմից աննախադեպ համագործակցությունը խորհրդարանի ներսում, և հիմա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակվի և կխորանա: «Սակայն ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն չորս ուժերի հետ, և, այո´, միասնական օրակարգն այդ չորս ուժերի գլոբալ օրակարգից տակավին բացակայում է: Ես հույս ունեի, որ ապրիլ ամսում կունենայինք այդ միացյալ հրապարակը, որի մասին խոսել ենք, բայց հասկանալով, որ իմ ժամացույցը մեկ-մեկ աշխատում է ավելի արագ, քան մյուսներինը, ես սիրով կսպասեմ մինչև մայիսի կեսերը, երբ խորհրդարանում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը, իսկ եթե կառավարության ծրագրի շուրջ չլինի միասնական, ամբողջական դիրքորոշում՝ թե´ խորհրդարանում, թե´ հրապարակներում, այն ժամանակ ես կտամ իմ ավարտական գնահատականը»,- հայտարարել է ժամանակին «Սարերի քամի» խոստացող, ապա պարտությունը հաղթանակի չափ «հնարավոր» համարող ու այդպիսին դարձրած Րաֆֆի Հովհաննիսյանը: ….Րաֆֆի Հովհաննիսյանն անցած տարվա փետրվարից անընդհատ «հանգրվանային» ժամկետներ է հռչակում՝ ապրիլի 9-ը, հետո՝ մայիսի 1, հետո՝ մայիսի 9-ը… պատահում է, որ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կորում է՝ մեկ «Պուդինի մոտ է գնում», մեկ՝ Պուտինին պատժամիջոցների ենթարկող ԱՄՆ, վերադառնում է ու նորից սկսում ժամկետներ հրապարակել՝ մարտ, ապրիլ, հիմա էլ՝ մայիս: Այնպես որ, Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատուն քայլով դառնում է երկրապահ, ում հետ ունի ևս մեկ սկզբունքային ընդհանրություն: Երկուսն էլ քաղաքականությունից, մեղմ ասած, չեն հասկանում, բայց ժամանակ առ ժամանակ զբաղվում են դրանով»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր