211652_close_icon
views-count4700 դիտում article-date 16:42 14-04-2014

Այսօր հայ մեծանուններից մեկի՝ Համո Սահյանի ծննդյան օրն է. սկսվել է բանաստեղծի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ համաձայն հաստատված ժամանակացույցի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, ժամը 13:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի արարողությունով: Ապրիլի 15-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստատեսությունը կնկարահանի «Համո Սահյան. Քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը, իսկ «Սյունաց երկիր» թերթը կթողարկի հատուկ համար` նվիրված Համո Սահյանին: ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել է Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը: Տուն-թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած մեծանուն բանաստեղծի կիսանդրին: 2014 թվականի ընթացքում Երևանի, Սյունիքի և հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի կունենան պոզիայի երեկոներ, Սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ` նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին:

Նմանատիպ նյութեր