Մշակույթի նախարարի գլխավորությամբ անցկացվել է տպագիր արտադրանքի բարելավմանը միտված խորհրդակցություն
2013 թ. մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նվիրված պետական պատվերով և պետական աջակցությամբ հրատարակվող գրականության ոլորտում առկա հարցերի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ն. Տեր-Վարդանյանը, նշված ծրագրերով գրականություն հրատարակող կազմակերպությունների, այդ թվում՝ «Ծիծեռնակ», «Անտարես», «Գրաբեր», «Զանգակ», «Նաիրի», «Էդիտ պրինտ», «Գասպրինտ», «Գրական hայրենիք», «Տիր», «Տիգրան Մեծ», «Նահապետ» և այլ հրատարակչությունների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում նախարարը նշել է այն ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին առկա են գրահրատարակչության ոլորտում, մասնավորապես, բովանդակային առումով առավել արժեքավոր ստեղծագործությունների՝ թարգմանական, մանկական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի բնույթի գրականության հրատարակման, գրքերի պոլիգրաֆիական որակի բարձրացման ուղղությամբ:
Քննարկմանը Հ. Պողոսյանը մեկ անգամ ևս փաստել է, որ պետության նպատակն է աջակցել սերունդների համար արժեքավոր և որակյալ գրականության ստեղծմանը և հորդորել հրատարակիչներին առավելագույնս բարձրացնել տպագիր արտադրանքի որակը` կիրառելով ոլորտում արդի տեխնոլոգիաների ձեռքբերումները և ստեղծվող գրականությունը համապատասխանեցնել գրաշուկայի պահանջներին:
Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալ Ն. Տեր-Վարդանյանը հրատարակիչներին է ներկայացրել հրատարակված գրականության ուսումնասիրման արդյունքում վերհանված մի շարք հարցեր` միաժամանակ առաջարկելով դրանց լուծմանն ուղղված քայլեր: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև այն նոր չափանիշները, որոնք այսուհետև կկիրառվեն պետական պատվերով և աջակցությամբ հրատարակվող գրականության համար: