211652_close_icon
views-count946 դիտում article-date 18:23 31-01-2014

Քննարկվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է ՀՍՆՀ 3-րդ ծրագրի 2013 թ. արդյունքների և 2014 թ. բյուջեի վերաբերյալ: Նա նշել է, որ ներկայումս համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում, որի ավարտը նախատեսված է 2014 թվականին: Աշոտ Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ 2013 թ. կատարվել են ենթակառուցվածքների վերականգնման, դպրոցների և համայնքային կենտրոնների կահավորման ու համայնքապետարանների պաշտոնյաների վերապատրաստման աշխատանքներ: Մասնավորապես, երկրի 153 վարչական համայնքում իրականացվել են 283 ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր, 8 ծրագրի համար ընթացքի մեջ է նախագծային փուլը և կապալառուների ընտրության մրցութային գործընթացը, ևս 25 ծրագրում կատարվում են շինարարական աշխատանքներ: Ավարտված ծրագրերի 42 տոկոսը վերաբերում է հանրակրթական և մասնագիտական դպրոցներին, 29 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին: Շահառուների թիվը 1.47 մլն է, մի շահառուին բաժին ընկնող միջին արժեքը՝ 11 հազար դրամ: Հանրապետության 805 կրթօջախի տրամադրվել է 57051 միավոր դպրոցական կահույք, 56 համայնքային կենտրոնի և մշակույթի տների դահլիճների՝ 15179, 21 մանկապարտեզի՝ 3421 միավոր կահույք: Ֆինանսական կառավարման, բյուջեի կազմման, հարկային և ունեցվածքային կառավարման ոլորտներում վերապատրաստվել է մարզերի 105 համայնքի 515 ներկայացուցիչ (այդ թվում՝ համայնքապետեր և ֆինանսական պատասխանատուներ): ՀՍՆՀ 3-րդ ծրագրի շրջանակում 295 ծրագրերի համայնքների անունից իրականացվել է 1.67 մլրդ դրամին համարժեք ներդրում, որի 64 տոկոսը անհատույց նվիրաբերել են միջազգային կազմակերպությունները և սփյուռքահայ բարերարները: 70 մլն դրամ հատկացվել է տեղական գործարարների կողմից: Խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեն: Մեկ այլ հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել ՀՍՆՀ-ի զարգացման ռազմավարությունը: Արծարծվել են հիմնադրամի գործունեության շարունակման, դրա հիմնարար փոփոխության ու զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև ռազմավարական նպատակների, սկզբունքների և ուղղությունների սահմանմանն առնչվող հարցեր: Ամփոփելով վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին` աշխատանքային խմբի շրջանակում ներկայացված փաստաթուղթը քննարկելու և լրամշակելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր