Սպանություն Արարատի մարզի «VARDA» գիշերային ակումբում. 28-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է մայրուղում. ակումբի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ օգոստոսի 6-ին,  սպանություն  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի «VARDA» գիշերային ակումբի հարևանությամբ՝ դիմացի մայթում, տղամարդու դի կա: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են  ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
 Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի և Արտաշատի ոստիկանապետեր Ջանիկ Մարությանն ու Արթուր Հովհաննիսյանը: 
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի և Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով  հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է  նաև Արարատի մարզի դատախազության դատախազ Վաղինակ Մկրտչյանը:
 Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանը,  ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Արթուր Սահակյանն էր, ով մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Պարզվել է  նաև, որ Աստղիկ բժշկական կենտրոն է  տեղափոխվել Երևանի  քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը՝  դանակահարված վիճակում:
Ոստիկաններն ու քնիչները նշված ճանապարհին գործող «VARDA» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել են  Toyota Camry մակնիշի 01 MM 055 համարանիշի  ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին և ուղևորի նստատեղին կան արնանման հետքեր: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նշված ավտոմեքենան պատկանում է Խ. Արոյանին, ով նշված գիշերային ակումբն աշխատացնողն է, սակայն հարևանությամբ բնակվողներն էլ ասում էին, որ նա տերն է:
 Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև արյունոտված մայկա: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործության  գործիք դանակն հայտնաբերելու  ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  սպանվածը նախկինում եղել է դատապարտված:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


