211652_close_icon
views-count6016 դիտում article-date 23:02 27-03-2026

Երևանում՝ «Ձկան խանութի» խաչմերուկում, «BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
Այսօր՝ մարտի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ռոման Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդի հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղի սպասարկող տրոլեյբուսի վարորդին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով «BMW»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրոլեյբուսի սնուցող էլեկտրական լարերից մեկը ընթացքում հանգույցից առանձնացել էր, և վարորդը իջել էր տրոլեյբուսից՝ որպեսզի այն միացնի։ Այդ ժամանակ «BMW»-ն վրաերթի է ենթարկել վարորդին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր