56459 դիտում
12:04 07-09-2015
Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար վերելակը պոկվել է և 80 մետրից ընկել անդունդը. կա 2 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցից 2 միջին տարիքի տղամարդ մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները նշված փողոցում կառուցվող էլիտար շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս են եղել: Շինարարական աշխատանքները կազմակերպում է «ԱՐԱՄ-ՇԻՆ» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային և տեխնիկական հսկողությունը դրված է «Հ.Ս. ՊՌՈ» ՍՊԸ-ի վրա: Շինարարության տևողությունը 36 ամիս է, իսկ այն կատարելու աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսի 1-ին: Նշված շինարարության հասցեն է՝ Դավիթ Անհաղթ փողոցի հողակտոր 14/24 և 14/27:
Շենքի կառուցման ժամանակ շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել և մոտ 80 մետր գլորվելով ընկել է անդունդը: Վիրավորներից մեկին նշված հատվածից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին՝ փրկարարները:
Բավականին օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի մասին տեղեկացվել է արդեն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+