211652_close_icon

Հայաստանում արդեն հայտնի՝ հնդիկ գործարարի կողմից Արարատում կառուցված ու գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները բեռնատարներով բերված երկաթե ջարդոնների մեջ հարյուրավոր պայթուցիկներ ու հակատանկային արկեր են հայտնաբերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count3124 դիտում article-date 16:22 30-01-2026
Տևական ժամանակ է՝ Արարատի մարզում հայտնի «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարանի աշխատակիցները կարելի է ասել աշխատում են բավականին լարված ու պատասխանատվության բարձր զգացումով։

Գործարանի հիմնադիրներն ու ղեկավար կազմը աշխատակիցների առջև թիվ 1 պահանջ են դրել, որ ցանկացած բեռնատարով եթե երկաթ է տեղափոխվում իրենց մոտ, ապա պարտադիր զննեն ոչ միայն բեռնատարը, այլ նաև բերված երկաթե ջարդոնը։

Այսօր՝ հունվարի 30-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին տոննաներով երկաթե ջարդոն է տեղափոխվել գործարան և հենց աշխատակիցների աչալուրջ գործողությունների շնորհիվ է, որ արտակարգ դեպք կամ դեպքեր տեղի չեն ունեցել, քանի որ որոշ բեռնատարների կողմից գործարան բերված երկաթե ջարդոնների մեջ աշխատակիցները հայտնաբերել են հարյուրավոր կասկածելի պայթուցիկներ, նռնակներ, հակատանկային արկեր, որոնք ճիշտ է՝ ըստ մասնագետների իրենցից վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե գործարանի աշխատակիցները առանց բերված երկաթե ջարդոնները զննելու այն լցնեն հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը անխուսափելի կլինի և ոչ միայն գործարանը, այլև հարակից Արարատ քաղաքի Զոդ Բանավանում, Սուրենավանում, անգամ Երասխում կզգան այդ պայթյունի հետևանքները։

Վերջին մեկ ամսվա ընթացքում այնքան շատ զինատեսակ էր հայտնաբերվել և այդ ամենը գործարանի տնօրինության ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության սակրավորների կողմից արձանագրվել է։

Հայտնաբերվածի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գործարան մտնող ամեն մի բեռնատարի շարժը նաև տեսանկարահանվում է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2025թ․ օգոստոսի 27-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսօրին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատրվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատ քաղաքի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ էին հայտնաբերել։

Ժամանել էին Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը , ոստիկանության Արարատի բաժնի պետ Գրիշա Քոչարյանը։

Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր և «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ էր։

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Նարեկ Գզիրյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները աշխատել էին մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ էր մտնում նաև այն, որ հնարավոր էր անհայտ անձը կամ անձինք փորձել էին գործարանը պայթեցնել, կամ նախազգուշացում էին ուղարկել ըստ մամուլում շրջանառվող լուրերի նշված գործարանի սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է և հակատանկային արկը չէր պայթել առաջին հերթին գործարանի աշխատակիցների աչալրջության շնորհիվ, քանի որ երբ բեռնատարով երկաթե թափոն էին բերել գործարան, աշխատակիցները տեսակավորել էին այն և այդ ժամանակ նկատել էին կպչուն ժապավենով փաթեթավորված պարկը, և քանի որ չէր երևացել, թե պարկի ներսում ինչ կար աշխատակցիները պարկը հեռացրել էին, ապա բացել էին, որտեղ հայտնաբերել էին ցինկից խողովակ, որի մեջ նկատել էին հակատանկային արկը և եթե այն գցեին հատուկ պրեսի սարքավորման մեջ, այն կպայթեր կամ եթե չպայթեր, այն այնուհետև տեղափոխելու էին ձուլարան և մի քանի հազար աստիճան կրակի մեջ այն հաստատ կպայթեր և տեղի կունենար ողբերգություն, քանի որ ձուլարանի մոտ գտնվող աշխատակիցները հաստատ կտուժեին, այդ թվում գուցե այն ողբերգական ավարտ ունենար։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր