211652_close_icon

Առաքման մեքենաների վարորդները տուգանքների և բալային համակարգի պատճառով կանգնել են աշխատանքից հեռանալու առաջ․ տուգանքները կաթվածահար են անում առաքման ոլորտը Երևանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1936 դիտում article-date 10:59 29-01-2026
Այսօր՝ հունվարի 28-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ, «Բագա ֆուդ» ընկերության վաճառքի տնօրեն, 38-ամյա Գուրգեն Ուսեպյանը, ով իր դժգոհությունն էր հայտնում առաքման մեքենաների վարորդների նկատմամբ վերջին շրջանում կիրառվող վարչական տուգանքների վերաբերյալ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Գ․ Ուսեպյանը նշեց, որ տարիներ շարունակ իրենց, ինչպես նաև այլ ընկերությունների առաքման մեքենաները Երևանի փողոցներում, հատկապես կենտրոնական հատվածներում, կանգնել են երկրորդ գծում՝ սրճարաններին, ռեստորաններին և  հյուրանոցներին առաքումներ կատարելու նպատակով, և մինչ այժմ որևէ տուգանքի չեն ենթարկվել։ Սակայն հունվար ամսից իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Արդեն մոտ մեկ ամիս է՝ մեր վարորդների նկատմամբ սկսվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմումը։ Բացի դրամական տուգանքից, յուրաքանչյուր ակտի համար հանվում է նաև 0,25 բալ միավոր, ինչի արդյունքում վարորդները մտավախություն ունեն, որ կարճ ժամանակում կարող են զրկվել վարորդական իրավունքի վկայականից»,- նշեց նա։

Գուրգեն Ուսեպյանի խոսքով՝ խնդիրը համատարած է և վերաբերում է ոչ միայն իրենց ընկերությանը։ «Խոսել ենք առաքման այլ ընկերությունների հետ ևս, որոնց վարորդներն էլ են նույն կերպ տուգանվում։ Բոլորն են դժգոհ, քանի որ իրականում այլ տարբերակ չկա. կենտրոնական փողոցներում առաջին գծում կամ կանգառ չկա, կամ ընդհանրապես կանգնելը թույլատրված չէ։ Եթե երկրորդ գիծ չկանգնենք, պարզապես ֆիզիկապես անհնար է առաքում իրականացնել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ վարորդներ արդեն հրաժարվում են վարել առաքման մեքենաները, ինչն ընկերությունների առաջ կանգնեցրել է լուրջ կադրային խնդիրների առաջ։ «Չգիտենք՝ որտեղից նոր վարորդներ գտնենք, ինչպես շարունակենք աշխատանքը կամ այս հարցով որ մարմնին դիմենք, որպեսզի լուծում գտնվի։ Մի բան հստակ է՝ նման պայմաններում նորմալ աշխատել պարզապես հնարավոր չէ»,- ընդգծեց նա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր