211652_close_icon

Արագածոտնի մարզում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 10 վիրավորներից «Ford»-ի վարորդը մահացել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4537 դիտում article-date 19:40 29-01-2026
Հունվարի 28-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ հունվարի 27-ին իրենց մոտ տեղափոխված Պատվական Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հունվարի 27-ին Երևան–Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի ենթարկվելուց հետո, ով վարելիս էր եղել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղեկությունը ոստիկանության Թալինի բաժնից փոխանցվել է Թալինի քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ տեղից  հայտնել էր ֆոտոլրագրողը՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթարներ էին տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կար մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը։

 Բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ էին կատարում և համայնքային ոստիկանների հետ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մի քանի վթարների մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց էր մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև ժամանել են դեպքի վայրեր։

Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել էր մասամբ դանդաղընթաց։

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր