211652_close_icon
views-count418 դիտում article-date 18:36 21-11-2026

Բնակիչներն ասում են․ «Երբ տեսնում ես, որ անգամ հանգստյան օրերին են շենացնում համայնքդ, հավատում ես, որ, շնորհիվ Աբովյանի քաղաքապետի ու նրա աշխատակազմի, տարիներ հետո մեր Առինջում այլևս չենք քայլի ցեխոտ ու փոշոտ ճանապարհներով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Կոտայքի մարզում վերջին տարիներին Կառավարության աջակցությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել և դրանք շարունակում են իրականացվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհաշինարարության, և դա նաև համայնքների զարգացման շրջանակում։

Աբովյան խոշորացված համայնքում ևս վերջին տարիներին հսկայական աշխատանքներ են իրականացվել այդ ոլորտում ու ֆինանսական հատկացումները նաև կատարվում են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար էդուարդ Բաբայանի ու նրա աշխատակազմի շնորհիվ։

Ճանապարհաշինարարության ոլորտում Աբովյանի քաղաքապետարանը մեծ չափի գումարներ է հատկացնում, կարելի է ասել՝ «առյուծի բաժինը», 70 տոկոս քաղաքապետարանը, 30 տոկոս Կառավարությունը։
Աշխատանքները կատարվում են ոչ միայն Աբովյան քաղաքում, այլ նաև վարչական շրջաններում, նույնիսկ՝ հանգստյան օրերին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 21-ին, որը շաբաթ օր է ու համարվում է հանգստյան, աշխատանքները չեն դադարում և վաղ առավոտից սկսվել են Աբովյան խոշորացված համայնքի Առինջ բնակավայրում։ Մինչ ասֆալտապատումը, ճանապարհաշինարարները ճանապարհը լցրել են խճաքարով, ապա՝ փռել բիտում, իսկ այսօր էլ արդեն ասֆալտապատում են։ Մինչև այդ, ըստ բնակիչների, փոխել են կոյուղատարերը, ջրատարներն ու դիտահորերը։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․

«Էս մեր փողոցներում վերջին անգամ ասֆալտապատման աշխատանքներ կատարվել են ԽՍՀՄ տարիներին, սովետի էն լավ ժամանակներում, բայց դրանից հետո մեկ-երկու անգամ փոսալցում են կատարել, ինչը էնքան էլ որակյալ չի եղել, ու ամեն անգամ անձրևին՝ ցեխի, շոգին՝ փոշու, ձմռանն էլ սառած ճանապարհներով էինք երթևեկում։

Ճիշտն ասած հույս էլ չունենք, որ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «մի օր էլ մեր փողոցում արև կկպնի», ու 30 տարի հետո շնորհիվ Կառավարության՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մեր Առինջում էլ մեծ թափով սկսվել է ճանապարհների հիմնանորոգումը, ինչի համար մեր շնորհակալություն ենք հայտնում։ 

Վստահ ենք՝ կարճ ժամանակ հետո մեր Առինջի բոլոր ճանապարհները լինելու են ասֆալտապատ ու այլևս ցեխ ու փոշի չենք շնչի»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր