211652_close_icon
views-count400 դիտում article-date 15:26 19-11-2026

Վրաերթ՝ Երևանում. «Nissan»-ը Սեբաստիա փողոցում՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել հետիոտնին. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան «Սեբաստիա» փողոցում՝ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր