211652_close_icon
views-count78366 դիտում article-date 19:12 18-06-2022

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցում կասկածելի ջուրը մի ամիս է, իր գարշահոտությամբ ողողել է ճանապարհը. թաղապետարանն էլ «ունքը սարքելու փոխարեն աչքը հանեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ամսից ավելի է, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները, այնտեղ գործող մանկապարտեզի աշխատակիցները, սաները, սաների ծնողները, ՀՀ գլխավոր դատատախազության զինվորական դատախազության ծառայողները չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու է նշված փողոցում տիրում հակասանիտարական վիճակ:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Փափազյան փողոցից դեպի ՝ Սունդուկյան փողոց մոտ 1 կիլոմետրանոց ճանապարհին հոսում է կասկածելի ջուր: Չգիտենք, խմելու է, ոռոգման, թե կոյուղու:
 
Բազմիցս ահազանգել ենք «Վեոլիա Ջուր», Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, գալիս են, նայում են, ասում են՝ խնդրին ծանոթ ենք, հեսա կլուծենք ու այդքանով իրենց առաքելությունը համարում են կատարած: Ամառվա այս տապին արդեն գարշահոտություն է տիրում: Է չենք ուզում երեխաներին ուղարկել մանկապարտեզ, քանի որ այդ կասկածելի ջրերի միջով են երեխաներն անցնելու: Էրեխեքին էլ վախենում ենք արդեն թողնել իջնել բակ՝ խաղալու, բայց դե, երեխաները հո չեն հասկանում, թե ինչու ենք արգելում:
 
Թաղապետարանից եկան, ասացին՝ խնդիրը վերջնական կլուծենք, բայց ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին, գնացին: Հիմա ո՞նց չասես, եթե Երևանն այդքան սիրում եք, եթե երևանցու համար այդքան սրտացավ եք, բա էս խնդիրը ոնց ե՞ք լուծելու: Ասում եք, պայքարում ենք կորոնավիրուսի դեմ: Միթե՞ սա կորոնավիրուսի պես վտանգավոր չէ:
 
Եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին, ժամերի հարց է, կարող են գտնել, թե որտեղից է դուրս գալիս այս կասկածելի ջուրն ու դրա դեմն առնեն: Էլ հույս էլ չունենք թաղապետարանից: Թաղապետը մի քանի հոգու հետ գալիս, ֆռռում, ֆռռում, ու թողնում, գնում  է: Մեզ փողոցում անկապ տեղը ֆռֆռացող թաղապետ պետք չէ, մենք ուզում ենք մեր մատից փուշ հանող թաղապետ ու դրա համար հույսներս դրել ենք Երևանի քաղաքապետ Հրաչյա  Սարգսյանի վրա, քանի որ հետևում ենք, որ ինչքան խնդիրներ են լուծվել, երբ նա այցելել է խնդրահարույց վայրեր:
 
Ուզում ենք այս հրապարակումը հասնի քաղաքապետին ու վստահ ենք, որ եթե այս մասին նա իմանա, կարող ենք հանգիստ շունչ քաշել, որ հարցը ժամերի ընթացքում կլուծվի:
 
Այսօր էլ նորից շարունակվում էր կասկածելի ջրի հսոքը փողոցում, այն դեպքում, երբ երեկ վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ վաղը խնդիրը վերջնականապես կլուծվի, բայց՝ ինչպես միշտ, լինում է այն, ինչ՝ լինում է. բնակիչները մնում է առաջնորդվեն «եղունգ ունես, գլուխդ» քորի սկզբունքով:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր