211652_close_icon
views-count1117 դիտում article-date 11:59 18-09-2026

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիսում բախվել են «Toyota»-ն ու «Honda»-ն, վերջինն էլ բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներ. վարորդներից մեկն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Շահեն Ս.-ի վարած «Honda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Անգելինա Ա.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գրիգոր Ծերեթյանն ու պարեկ Վիրաբ Գուլոյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր