211652_close_icon
views-count886 դիտում article-date 17:56 29-10-2026

Երևանում Կոմիտաս 59/7 էլիտար համարվող շենքի բակային մի հատված բնակիչների համար «դժոխք» է, մի հատվածն էլ՝ «դրախտ». համատիրությունը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություններից մեկի ժամանակ հայտարարել էր, որ մայրաքաղաքում կան համատիրություններ, որոնք պատուհաս են դարձել բնակիչների համար. նրանք կարծես այլմոլորակայիններ լինեն, նրանց չի հետաքրքրում, թե իրենց համատիրության մեջ մտնող շենք-շինությունների բակային հատվածները ինչ վիճակում են գտնվում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 59/7 իբրև էլիտար շենք կոչվող և դրան հարակից շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում համատիրության հասցեին՝ ասելով, որ իրենց համատիրությունն անզոր է ինչ-որ սեփականատիրոջ դեմ, որ տարածքը չեն կարողանում փրկել ամռանը փոշուց, աշնանը ցեխից, ու բացի դա այդ հատվածով քայլելը դարձել է կենաց-մահու նման մի բան։

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նշված շենքի բակային հատվածում կարծես երկու տարբեր աշխարհների հանդիպես, մի տեղ դրախտ, որտեղ նույն էլիտար շենքի բակային հատվածում ստեղծվել են գեղեցիկ, կանաչով հարուստ խաղահրապարակ ու հրաշք այգի, իսկ 59/7 շենքի բակային մի հատվածում էլ ճիշտ հակառակ պատկերն է, տպավորություն է թե գտնվում ես ինչ-որ քարե դարում կամ քարի արտադրամասում, որովհետև երբ քամի է լինում, փոշին գրոհում է մարդկանց տները, իսկ անձրևին այդ տարածքով անցնելիս պիտի կրես պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի ասած «մուժիկի սապոգ», որ մինչև գոտկատեղդ կարողանաս փրկվել ցեխից։

Մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին, որպեսզի իրենք միջամտեն, որ համատիրությունն ու նշված տարածքի ինչ-որ սեփականատեր կարգի բերեն տարածքը, իսկ բնակիչների խնդրանքը շատ մեծ չէ՝ վերացնեն փոշին ու ցեխը և ինչպես դիմացի շենքերի բակային հատվածն է, այդտեղ նույնպես կանաչապատեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր