211652_close_icon
views-count547 դիտում article-date 23:14 28-10-2026

Քննչական կոմիտեի նախագահը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ պաշտոնյայի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր:

Հատուկ անդրադարձ է կատարվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի արդի մեթոդներին, տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կատարելագործմանը և իրավապահ համակարգում իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:

Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով տեխնոլոգիական նորագույն լուծումների և առաջադեմ մեթոդաբանության կիրառման կարևորությունը հանցավորության դեմ պայքարում:

Վիկտոր Ավիլան իր հերթին ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ու համատեղ ծրագրերի ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր