211652_close_icon
views-count1720 դիտում article-date 11:50 26-10-2026

Ահազանգ՝ Երևանից․ Նորագավիթում հոկտեմբերի 30-ին պատրաստվում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձի, որոնց մեծ մասը երեխաներ են․ բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանն ահազանգում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 30-ին պատրաստվում է տարածքից վտարել երկու ընտանիքի, որոնցից մեկը շուրջ 30 տարի բնակվում է այդ տարածքում, իսկ մյուսը՝ ավելի քան 34 տարի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու ընտանիքներում ընդհանուր առմամբ ապրում է 20 մարդ՝ 9 հոգանոց և 11 հոգանոց ընտանիքներում, որոնց մեծ մասը անչափահասներ են։ Բնակիչների փոխանցմամբ՝ իրենք տարիներ շարունակ կանոնավոր կերպով վճարել են հարկերն ու կոմունալ վճարները, սակայն չեն կարողացել ձեռք բերել սեփականության իրավունքի վկայական և այժմ կանգնած են անօթևան մնալու վտանգի առաջ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հրաչյա Ալեքսանյանը պատմել է, որ իրենց կապն այդ հողի հետ տասնամյակների պատմություն ունի։ Նրա խոսքով՝ դեռ կոլխոզի և սովի տարիներին այստեղ աշխատել ու հաստատվել են իր տատն ու պապը։ Ընտանիքներն այս հասցեում բնակվում են ավելի քան 30 տարի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից։ Սակայն, չնայած երկարամյա փաստացի բնակությանը, նրանք այդպես էլ չեն ստացել կադաստրի սեփականության իրավունքի վկայական։

Իրավիճակը, ըստ Հրաչյա Ալեքսանյանի, կտրուկ փոխվել է, երբ շուրջ 40 հեկտար տարածքի նկատմամբ հավակնություններ է ներկայացրել «ԷԼԻԶԱ ԵՎ ԳԱՅԱՆԵ» ՍՊԸ-ն, որը բնակիչները կապում են հանրությանը «Կոնդեցի Մակար» անունով հայտնի անձի հետ։

Հրաչյա Ալեքսանյանի փոխանցմամբ՝ ընկերությունը տարիներ շարունակ այդ տարածքն օգտագործել է իր բիզնես շահերի համար՝ այնտեղ խոզանոց կառուցելով և վճարովի հիմունքներով շուրջ 100 հազար ավտոմեքենայի բեռ հանդիսացող աղբ ու հող լցնելով, ինչի հետևանքով տարածքը, նրա պնդմամբ, վերածվել է հսկայական աղբանոցի։

Այժմ երկու ընտանիքները կանգնած են վտարման վտանգի առաջ։ Բնակիչները պնդում են, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողություններում առկա են իրավախախտումներ։ Նրանց խոսքով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով վտարման որոշում է կայացվել միայն երկու անձի նկատմամբ, մինչդեռ վտարման վտանգի առաջ են կանգնած երկու ամբողջ ընտանիքներ։

Բնակիչները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել տարբեր ատյաններում։ Նրանք դիմել են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, սակայն, իրենց պնդմամբ, այնտեղ իրենց խնդրին լուրջ չեն վերաբերվել և որևէ ընթացք չեն տվել դիմումներին։

Հայտնվելով անելանելի վիճակում՝ Հրաչյա Ալեքսանյանն ու նրա հարևանը դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները և կասկածները հնարավոր կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։

«Դատավորներին առել են, սաղ սարքած ա, ոչ մի օրինական թուղթ չունեն։ Լևոնի թվից ստեղ ենք, եկել ա Նիկոլի թիվը՝ վտարում են։ Աղետ ա դառնալու, վերանայե՛ք հարցը, պարո՛ն վարչապետ։ Դու ընտրություններին որ եկաք Նորագավիթ Ձեզ աղ ու հացով առաջին դիմավորողը իմ դուստր ա եղել։ Հավատում ենք, որ մեզ մենակ չեք թողնի»,- ասել է Հրաչյա Ալեքսանյանը։

Բնակիչները հայտարարում են, որ պատրաստվում են մինչև վերջ պայքարել իրենց բնակության վայրում մնալու համար։ Նրանք հույս են հայտնում, որ պետական մարմինները մինչև հոկտեմբերի 30-ը կանդրադառնան խնդրին և կգտնեն արդարացի ու մարդասիրական լուծում՝ թույլ չտալով, որ երկու ընտանիք հայտնվի անօթևան վիճակում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր