211652_close_icon
views-count1099 դիտում article-date 20:23 16-10-2026

Մինչ COP17-ի շրջանակում աշխարհի էպիկենտրոնում Հայաստանն է, Հրազդան գետը շարունակում է աղտոտվել. Մեսրոպ Մեսրոպյան, Արամազդ Ղալամքարյան, Հովհաննես Մարտիրոսյան, դուք կարող եք դրա դեմն առնել, իսկ Դավթաշենի թաղապետը «Զիլինա» է խաղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այս օրերին Հայաստանը հայտնվել է աշխարհի էպիկենտրոնում՝ COP17-ի համաժողովի առթիվ, որը նվիրված է բնության, կենդանական ու բուսական աշխարհի և էկոհամակարգերի պահպանությանը։ Հայաստանում են գտնվում աշխարհի շատ երկրների առաջնորդներ, պետական պաշտոնյաներ, և այն տևելու է մի քանի օր, ու այդ ընթացքում համաշխարհային մամուլը նույնպես անդրադառնալու է COP17-ին։

Ու մինչ Հայաստանում բարձր մակարդակով տեղի է ունենում այդ միջոցառումը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանն արհամարհած ունի ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը, որ պետք է պայքարեն բնության աղտոտման դեմ։

SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 30-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Դավթաշեն վարչական շրջանից կեղտաջրերը տևական ժամանակ լցվում Հրազդանի կիրճ ու Հրազդան գետ և ամբողջ տարածքում տիրում է գարշահոտ, իսկ կեղտաջուրը էլ վնասում է գետը։

Հրապարակումից անցել է 15 օր, սակայն խնդիրը մնում է չլուծված, իսկ բնության «հերն անիծողները»՝ անպատիժ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 13-ին դարձյալ նույն վիճակն էր, իսկ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ամեն առավոտ Հրազդանի կիրճում զբաղվում են առողջ ապրելակերպով, վազում ու հեծանիվ են վարում, և հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Էս կեղտաջուրը քանի ամիս է լցվում է Հրազդան գետը ու բոլորն էլ խոսում են, որ դա Դավթաշենի ձոր թաղամասից է, կոյուղի է վնասվել։ Իսկ ում տան մոտից որ լցվում է գետը, «Ջրաշխարհի» Խաչիկի տունն է ու զարմանում ենք, թե «Ջրաշխարհ» ունեցող մարդը ոնց կարող է թույլ տալ բնությունը ապականեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին կարծես թե ոչ էլ մտահոգում է խնդիրը, իսկ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի հանձնարարականն էլ որոշ թաղապետերի մոտ զրո արժեք ունի, դիմում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին, որպեսզի գոնե իրենք միջոցներ ձեռնարկեն ու Հրազդանի կիրճը փրկեն այդ արհավիրքից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մինչ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի, և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ, աշխատանքներ էին իրականացնում Հրազդանի կիրճում բարեկարգման, մաքրման ուղղությամբ, Դավթաշեն վարչական շրջանից կոյուղաջուրը արդեն մի քանի օր հոսում էր Հրազդան գետ։

Սեպտեմբերի 29-ին մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին.

«Հաճախ ենք Հրազդանի կիրճում վազում, մարզվում ու տեսել ենք, թե ժամանակին Երևանի քաղաքապետարանը Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները ինչքան աղբ են դուրս բերել գետից, այդ թվում՝ շինարարական ու կենցաղային, մաքրել են գետը, ինչը շատ ողջունելի է ու տեղյակ ենք եղել, որ այդ աշխատանքներն իրականացվել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական հսկողությամբ։ Բայց մի քանի օր է նկատեցինք՝ ինչպես է Դավթաշենի հատվածից կեղտաջուրը հոսում ու լցվում Հրազդան գետը։ Չգիտենք, արդյոք տեղյակ են այս մասին, բայց գոնե հիմա շատ արագ արձագանքեն ու պարզեն, թե ում մեղքով է, որ մի քանի օր է կեղտաջրի նմանվող ջրի հոսքը Հրազդան գետ չի դադարում»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր