211652_close_icon
views-count592 դիտում article-date 15:10 01-10-2026

ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել

ԱԳՆ նախկին շենքի պահպանության և հարմարեցված օգտագործման հայեցակարգը հավանության է արժանացել
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությանը պատկանող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման հայեցակարգը ս.թ. սեպտեմբերի 30-ին միաձայն հավանության է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի կողմից։ Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Հայեցակարգը մշակվել է աշխարհահռչակ լոնդոնյան ճարտարապետական և դիզայներական «Foster + Partners» ընկերության, ինչպես նաև պատմական շենքերի վերականգնման ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայկական «Quadrum Architectural Office» ճարտարապետական գրասենյակի հետ համագործակցությամբ։

Նախագիծը նախատեսում է գոյություն ունեցող շենքի վերափոխումը բազմաֆունկցիոնալ համալիրի, որը կներառի հյուրանոցային, բնակելի, գրասենյակային և առևտրային տարածքներ, ինչպես նաև նոր հանրային տարածքներ։
Հաստատմանը նախորդել է շուրջ 18 ամիս տևած սերտ համագործակցություն ճարտարապետական թիմերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից գործող գիտամեթոդական խորհրդի միջև։ Այդ ընթացքում հայեցակարգը շարունակաբար կատարելագործվել է կառուցողական երկխոսության արդյունքում՝ հաշվի առնելով Խորհրդի առաջարկություններն ու դիտարկումները։

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել շենքի ճարտարապետական և պատմական արժեքի, ինչպես նաև նրա առանձնահատուկ ժառանգական տարրերի պահպանման անհրաժեշտությանը։

Հայեցակարգի հաստատմամբ նախագիծն անցնում է զարգացման հաջորդ փուլ։

«Մեր նպատակն է նոր շունչ հաղորդել այս կարևոր նշանակության շինությանը՝ պահպանելով վերջինիս պատմական ինքնությունն ու Հանրապետության հրապարակի հետ ունեցած անմիջական կապը՝ միաժամանակ ստեղծելով ժամանակակից և կենսունակ միջավայր բնակիչների և այցելուների համար,» նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

Ընդհանուր ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 150,000 ԱՄՆ դոլարի ներդրում։

Բարձրորակ ճարտարապետական լուծումների և քաղաքի առավել նշանակալի շենքերից մեկի վերափոխման միջոցով նախագիծը նպատակ ունի դառնալ Երևանի նոր գրավչություններից մեկը և նպաստել քաղաքի՝ որպես միջազգային մշակութային և զբոսաշրջային ուղղության աճող դիրքի ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր