211652_close_icon
views-count2575 դիտում article-date 21:31 07-07-2026

Շենգավիթում «Վեոլիա Ջուրը» ստեղծել է Քարե դարի մի կառույց, որտեղից տիրում է գարշահոտ, վարորդները հաճախ միմյանց հետ մտնում են վիճաբանության մեջ, չկա երաշխիք, որ մեքենաները չեն հայտնվի «Վեոլիայի» փոսում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ հանրությունը արդարացիորեն ու տեղին անարգանքի սյանն է գամում հանրության աչքին արդեն ամենափնթի կազմակերպության անունը ստացած «Վեոլիա Ջրին», այդ ընկերությունից երբեմն հակադարձում են, թե հանրությունը գույները խտացնում է, թե մենք 24 ժամ ռեժիմով աշխատում ենք, որ սպառողների վիճակը բարելավվի, իսկ եթե ջրագծերի փոխարինում է իրականացվում, ապա պահպանում ենք անվտանգության պայմանները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների՝ 2 ամսից ավելի է՝ «Վեոլիա Ջուր» ընկերության թերի աշխատանքի պատճառով Շենգավիթ վարչական շրջանի Հ․Հովսեփյան փողոցում մարդաբոյ փոսը իր վտանգավորությամբ ու գարշահոտությամբ մի իսկական պատուհաս է դարձել վարորդների, հարակից շենքերի բնակիչների և օբյեկտների աշխատակիցների համար։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին․ «2 ամսից ավելի է՝ «Վեոլիա Ջուրը» եկավ, որ կոյուղատարը պետք է իբր վերանորոգի կամ փոխի, 2 ամսից ավելի է՝ աշխատանքի ավարտը չի երևում, փոխարենը ամեն օր շնչում ենք գարշահոտ, ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են վարորդները իրար հետ թուր ու թվանք դառնում։ Թե երբ «մեծն» «Վեոլիա Ջուրը» կբարեհաճի աշխատանքները ավարտել, երևի միայն իրեն է հայտնի, կամ էլ «Վեոլիա Ջուրն» ուզում է այս հատվածի բնակիչներին տեղափոխել Քարե դար։

Հիմա հույս չունենք «Վեոլիայից», ոչ էլ Շենգավիթի թաղապետից, որովհետև թաղապետարան մի քանի անգամ ահազանգել ենք, բայց ոչ մի դրական քայլ այս հարցը լուծելու ուղղությամբ նրանց կողմից չենք տեսել, դրա համար դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ հույս ունենալով, որ նրանց միջամտության շնորհիվ հարցին դրական լուծում կտրվի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր