211652_close_icon
views-count1489 դիտում article-date 11:56 13-06-2026

Ավանի 5-րդ փողոցում գարշահոտն ու համաճարակի վտանգը պահպանվում են. թաղապետը չի կատարում Տիգրան Ավինյանի հանձնարարականը, իսկ «փնթի» քաղաքացին շարունակում է «լոլո կարդալ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը հունիսի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել՝ Երևանի Ավան վարչական շրջանի 5-րդ փողոցում արդեն տևական ժամանակ կեղտաջրերն ինչպես են լցվում տներ։ «Վեոլիա ջուրն» էլ բնակիչներին խոստացել էր խնդիրը լուծել, սակայն հետո մի դարակազմիկ պատասխան էին տվել, իսկ գարշահոտը ոչ միայն օր օրի սաստկանում էր, այլ նաև պահպանվում էր համաճարակի առաջացման վտանգը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանին, որպեսզի շատ արագ պարզեն՝ ինչն է պատճառը, որ ամիսներ շարունակ կեղտաջուրը մի ամբողջ փողոցի բնակիչների դիվադադար է արել, ու հրատապ խնդիրը լուծեն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հայտնաբերել են այն քաղաքացուն, ում անփութության պատճառով բնակիչներն այդ վիճակում են հայտնվել։ Իսկ այդ քաղաքացին, որը ժամանել էր «Mitsubishi» մակնիշի «36 LX 101» համարանիշի ավտոմեքենայով, խոստացել էր, որ ժամերի ընթացքում խնդիրը կլուծի։ Սակայն արդեն 10 օրից ավել անցել է, այդ քաղաքացին ոչ միայն խնդիրը չի լուծել, այլ նաև չի էլ փորձում իր մեղքով մի ամբողջ փողոցի բնակիչների տհաճ անհարմարություններ պատճառելու հետևանքները վերացնել։

Այստեղ պետք է Ավան վարչական շրջանի ղեկավար Վ. Հակոբյանը կտրուկ միջոցների դիմի, ընդհուպ այդ «Փչան Թոդորոս» քաղաքացուն մի կլորիկ գումարով ենթարկեն վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեն, որ ժամերի ընթացքում Ավան 5-րդ փողոցի բնակիչներին փրկի գարշահոտից, հակառակ դեպքում եթե դա էլ չօգնի, կարելի է այդ վայ քաղաքացու նկատմամբ հատուկ պատժամիջոց կիրառել. նրա տուն մտնող ջուրը ժամանակավորապես դադարեցնել ու այդ ժամանակ գուցե «ուղեղին զոռ տա» ու գործի անցնի։ Մինչդեռ նման «փնթիների» պատճառով է, որ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, թե տեղական իշխանություններն ու «Վեոլիա ջուրը» չեն աշխատում։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ էր՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 5-րդ փողոցում դիտահորը, երբեմն խցանման, երբեմն էլ դուրս եկող կեղտաջրի պատճառով մի իսկական պատուհաս էր դարձել մի քանի տների բնակիչների գլխին։

Բնակիչները ամիսներ շարունակ նկատել էին, որ դիտահորի խցանման պատճառով կեղտաջուրը լցվում էր սեփական տների բակեր, ինչի պատճառով էլ գարշահոտը զգացվում էր անգամ մի քանի հարյուր մետրից։

Հունիսի 2-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղել «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով. «Երբ նկատեցինք, որ դիտահորից կեղտը դուրս է գալիս, իսկ հոտն էլ տարածվում տարածքով մեկ, անմիջապես ահազանգեցինք «Վեոլիա ջուր», որտեղից խոստացան, թե խնդիրը կկարգավորեն՝ ասելով, թե կանչերը շատ են։ Երկար ու ձիգ ամիսներ սպասել ենք, թե «Վեոլիա»-ի մասնագետները պիտի մոտենան, սակայն ոչ մի օգուտ։ Օրեր առաջ նորից զանգահարեցինք, այս անգամ պատասխանեցին, թե դա սեփական սեկտոր է, իրենք անելիք չունեն։ Լրիվ դարակազմիկ պատասխան, այն դեպքում, երբ դիտահորն անցնում է գլխավոր փողոցով, իսկ գլխավոր փողոցների կոյուղատարերի, ջրագծերի պատասխանատուն «Վեոլիա»-ն է, և այդ խնդիրը նրանք պետք է լուծեն, չէ՞ որ մենք էլ կանոնավոր վճարումները կատարում ենք։ Անգամ կան բնակիչներ, ովքեր մի քանի ամսվա կանխավճար են մուծում։ 

Հիմա էլ հույս չունենալով «Վեոլիա ջրից», ում պատասխաններն արդեն նյարդայնացնում են մեզ, դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանին՝ խնդրելով մի ամբողջ փողոց փրկեն էս կեղտաջրից, հակառակ դեպքում օրերը տաքանալուն պես էստեղ ոչ միայն գարշահոտն ավելի կուժեղանա, այլ նաև ունենք մտահոգություն, որ համաճարակ կառաջանա։ Էնպես որ մեր հույսը Երևանի քաղաքապետն ու մեր վարչական շրջանի ղեկավարն են»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր