211652_close_icon
views-count967 դիտում article-date 15:16 01-05-2026

Ջրային կոմիտեն հայտնել է, որ իրականությանը չեն համապատասխանում բնակիչների հայտնած տեղեկությունները Բալահովիտում տիրող իրավիճակի մասին և այն գտնվում է իրենց վերահսկողության տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը երեկ՝ ապրիլի 30-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Բալահովիտ գյուղում տիրող իրավիճակի մասին, երբ մեծ թվով բնակիչներ պնդում էին, որ գյուղում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ և անգամ նշում էին, որ եղել են դեպքեր, երբ երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։

Այսօր՝ մայիսի 1-ին, նշված հրապարակմանն արձագանքել է Ջրային կոմիտեն, որը ներկայացնում ենք ստորև.

«Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են։

Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Բալահովիտում կոյուղատար համակարգը միացված է խմելու ջրի համակարգին։

 Ջրային կոմիտեն կապի մեջ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Բալահովիտի վարչական ղեկավարի հետ։
 Իրավիճակի հակիրճ նկարագրությունը հետևյալն է․

Թյուրիմացությունը սկսվել է այն պահից, երբ Բալահովիտի բնակիչներից մեկը, բողոքելով ոռոգման ջրի խնդրից, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե կոյուղին ևս միացված է ջրատար համակարգին։

 Իրականում խոսքը հեղեղատարի մասին է եղել։ Տվյալ հատվածով խմելու ջրի ջրատար չի անցնում, առկա է միայն կոյուղատար համակարգ։ «Ջրատար» բառի սխալ ընկալման հետևանքով թյուր կարծիք է ձևավորվել, թե խնդիրը կապված է խմելու ջրի հետ։

 Ինչ վերաբերում է 10 երեխայի թունավորման մասին կեղծ լուրերին, այն ևս տարածվել է «փչացած հեռախոսի» շղթայով, երբ կոյուղատարի հարակից տարածքում ապրող բնակիչներից մեկը բողոքել է, որ իր 10-ամյա երեխայի մոտ այդ հատվածի հոտից առաջացել են ալերգիկ սրացումներ։

 Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգը իսկապես գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքները կատարվում են ամեն տարի, և առաջիկայում ևս նախատեսվում են շարունակական մաքրման և կարգավորման միջոցառումներ։

 Միևնույն ժամանակ, կան հատվածներ, որտեղ տեխնիկայի մուտքը դժվար է, իսկ տեղ-տեղ՝ անհնար՝ բնակիչների ինքնակամ կառուցված շինությունների, ցանկապատերի, անասնագոմերի և այլ խոչընդոտների պատճառով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատանքների իրականացման համար։

 Ընդհանուր առմամբ, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, և աշխատանքներ են տարվում խնդրի ամբողջական կարգավորման ուղղությամբ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի մի քանի տների բնակիչներ իրենց երեխաներին տանում են բժշկական հաստատություններ՝ բուժումներ ստանալու նպատակով։

Գրեթե 10 տարի է Բալահովիտ գյուղով անցնող ջրատարներում ու իրենց լեզվով ասած «կանալում» տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Երեկ՝ ապրիլի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Սովետի ժամանակ մեր գյուղով որ ջուրը անցնում էր, այնքան զուլալ էր, նույնիսկ խմում էինք։ Մեր ծնողները ճաշ էին պատրաստում էդ ջրով, լվացք էինք անում, ձկները պարզ երևում էին։ Բայց արդեն 10 տարուց մի քիչ ավելի է՝ անգամ կողքով չենք կարողանում անցնել։ Որոշ տների սանհանգույցներից դուրս թափվող ջուրը լցվում է կանալը։ Որոշ հատվածներում առաջացել է տիղմ և կա վտանգ, որ ճահճով կպատվի։ Ում ասես դիմել ենք, Կոտայքի մարզպետին, Աբովյանի քաղաքապետին, մեր գյուղապետին, սակայն հետո իմացանք, որ կանալի մաքրման ու շահագործման պատասխանատուն Ջրային կոմիտեն է։ Ու հիմա հարց ենք ուղղում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի. երբ դիմում էինք Ջրային կոմիտե, ինչո՞ւ էին մեզ մոլորեցնում, թե դա իրենց գործը չէ ու քանի տարի է մեզ սխալ հասցեներ էին ուղղորդում, թե գնացեք մարզպետի, քաղաքապետի, ձեր գյուղապետի մոտ։ Մենք միամտաբար հավատացել ենք ձեզ, բայց արդեն պարզել ենք, որ հենց դուք պետք է աշխատանքները կատարեք։ Բայց կամ թամբալություն եք անում, կամ ձեզ համար նշանակություն չունեն մարդն ու բնությունը, կարևորը ժամանակից շուտ պարգևավճարներ ստանաք։ 

Անգամ երբ մեր գյուղում կառավարության ֆինանսավորմամբ մանկապարտեզ բացվեց, ինչի համար ողջ գյուղը շնորհակալություն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ վերջապես մեր գյուղում էլ մանկապարտեզ կառուցվեց իր շնորհիվ, այդ ժամանակ կանալի խնդրով դիմեցինք վարչապետին, ով ասաց, որ կհանձնարարի, որ զբաղվեն։

Հիմա երևի վարչապետը գիտի, թե իր ասածը Ջրային կոմիտեն արել է, բայց իրականում ոչինչ էլ չեն արել, էլ ավելի է խնդիրը վատացել։ Ու այդ ամենի հետևանքով արդեն գյուղից մեծ թվով երեխաների տանում ենք հիվանդանոցներ՝ բուժումներ ստանալու։ Երեխաներն այդ օրն են ընկել կանալում տիրող գարշահոտի, մլակների պատճառով։

Նույնիսկ մեր գյուղի գլխավոր փողոցը, որը կրում է Արցախյան 1-ին պատերազմի նահատակված լեգենդ դարձած հերոս Լևոն Ավետիսյանի անունը, այդ փողոցով էլ չենք կարողանում անցնել, 500-600 մետրից հոտը խեղդում է։ Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ եթե իրերը տաքանան, ինչ կլինի երեխաների, մեծահասակների վիճակը, ջահելները հլը մի քիչ կդիմանան։

Էնպես որ Ջրային կոմիտեի չինովնիկներ, մարդկանց մոլորեցնելու, ձեր գործը ուրիշների վրա գցելու փոխարեն իրական գործ արեք»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր