211652_close_icon
views-count3859 դիտում article-date 18:57 22-04-2026

Արտակարգ իրավիճակ Երևանի Աղի կոմբինատում․ հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու, որոնց մի մասը կոմբինատի աշխատակիցներ են, մի մասը՝ օտարերկրացիներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի, Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալներ Զավեն Մելքոնյանի և Վահագն Ալավերդյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարների ջոկատներից մեկի հատուկ փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ։

Փրկարարները իրենց հետ բերել էին նաև հատուկ գեներատորներ, կատարել են կոմբինատում էլեկտրաէներգիայի սնուցում, ինչից հետո բոլորին անվտանգ դուրս են բերել։

Տեղում եղել են նաև փրկարար ծառայության հոգեբաններն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 բրիգադ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարների կողմից դուրս բերված քաղաքացիների մի մասը աշխատում է նշված կոմբինատում, մի մասն էլ օտարերկրացիներ են։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր