211652_close_icon
views-count61764 դիտում article-date 20:42 27-09-2022

Արարատի գինու կոմբինատում մի քանի օր է, սկսվել է խաղողի մթերումը. հերթը հասնում է մի քանի կիլոմետրի. Կոմբինատում էլ, պահպանելով հինը, ստեղծում են նորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևան-Երասխ  ավտոճանապարհի  Արարատի վարչական տարածքով անցնող քաղաքացիները ականատես են լինում մեծաքանակ բեռնատար ավտոմեքենաների, որոնք շարված վիճակում են:  Շատերին թվում է, որ այդ ավտոմեքենաները կանգնած են ի նշան բողոքի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաները բարձված են Արարատի և Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչների կողմից աճեցված խաղողով ու մարդիկ, իմանալով, որ հերթական անգամ Արարատի գինու կոմբինատը պատրաստակամություն է հայտնել շարունակել խաղողի մթերումը, այն բերել էին կոմբինատ:
Կոմբինատի սեփականատեր Արմեն Սարգսյանին ու տնօրեն Սեդրակ Սարգսյանին գյուղացիներն արդեն շատ լավ ճանաչում են:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում  գյուղացիներն, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Արարատի գինու կոմբինատի սեփականատեր Արմեն Սարգսյանին ու տնօրեն Սեդրակ Սարգսյանին գյուղացիներս երկար տարիներ է, ճանաչում ենք:

Գրեթե ամեն տարի էստեղ ենք բերել մեր խաղողը մթերելու: Տարբեր տարիներին տարբեր գներ են եղել: Դե, գնային քաղաքականությունը աշխարհում է ձնագնդի նման անընդհատ փոփոխվում: Այս տարի էլ ենք բերել ու հույսով, որ ամեն ինչ մեր սրտով կլինի:

Գիտենք, որ հիմա նաև սպառման հետ խնդիրներ կան: Աշխարհում թաց ու չոր խառնվել է իրար ու դրա արդյունքում տուժում ենք նաև հայաստանցիներս:

Էլի գոհ ու շնորհակալ ենք, որ Արարատի գինու կոմբինատը պատրաստակամություն է  հայտնել և ընդառաջում է մեզ: Արդեն մի քանի օր է, 100–ից ավելի խաղողով բարձված բեռնատարները արդեն հանձնել են կոմբինատին խաղողը,  մի 150-ն էլ ուլունքի նման շարված են: Սպասում ենք մեր հերթին, նույնիսկ 2-3 օր:

Ցավալին այն է, որ կառավարությունը միայն դատարկ խոստումներ է տալիս: Տնտեսական այս ծանր պայմաններում ոչ մի օգնության ձեռք չի մեկնում գյուղացուն, խաղողագործներին, խաղող մթերող գործարաններին ու կոմբինատներին:

Հիմա լրիվ ասես հայտնի՝ եղունգ ունես, գլուխդ քորի իրավիճակում ենք: Մենք ապերախտ չենք, գիտենք, որ կոմբինատի սեփականատեր Արմեն Սարգսյանն ու տնօրեն Սեդրակ Սարգսյանը նույնպես տուժելու են, բայց անում են հնարավորը, որպեսզի գյուղացին չտուժի»:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում կոմբինատի անցած, ներկա և ապագա գործունեության մասին կոմբինատի սեփականատեր Արմեն Սարգսյանի ու տնօրեն Սեդրակ Սարգսյանի  խոսքերը՝ տեսանյութում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր