211652_close_icon
views-count667 դիտում article-date 11:08 13-11-2026

Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին. շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում 66-ամյա Վաչագան Ա.-ն «Hyundai» մակնիշի ավտոբուսով Գալշոյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին ու ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վարորդի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 22 երթուղին՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև Էրեբունի զանգված։

Բարեբախտաբար, ավտոբուսում ուղևորներ չեն եղել, վարորդն էլ գնում էր վերջնակետ։

Դեպքի վայր են ժամանել նաև «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր