211652_close_icon
views-count1951 դիտում article-date 09:38 10-04-2026

Հրդեհ՝ Երևանում հայտնի «դարիկնոցում». հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մի ամբողջ շինություն փրկվեց կրակի ճիրաններից. տարհանվել է 10-ից ավելի քաղաքացի. ըստ «Դարիկոյի»՝ հրդեհը գազի հետ կապ չունի, այլ բռնկվել է էլեկտրալարերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 2/1 հասցեում կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված հասցեից, որն ավելի շատ օգտագործվում էր որպես կացարան և ժողովրդին հայտնի է որպես «դարիկնոց», տեղի աշխատակիցները, քաղաքացիները ու հրշեջ-փրկարարները տարհանել են 10-ից ավելի քաղաքացիների և պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է շատ արագ նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Հարությունյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ից։ Տեղում պարզվել է, որ տարածքը ճիշտ է գազաֆիկացված է, սակայն գազի արտահոսք տեղի չի ունեցել և հրդեհը գազի հետ ոչ մի առնչություն չունի։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները և ըստ նրանց՝ հրդեհի պատճառը քաղաքացու կողմից անցկացված էլեկտրալարերի սխալ մոնտաժման արդյունքն է, մինչդեռ շինության տերը՝ նույն ինքը «Դարիկոն», ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր, որ հրդեհի պատճառը էլեկտրոցանցի ոչ ճիշտ աշխատանքն է եղել, քանի որ ինքը մի քանի անգամ դիմել է էլեկտրոցանց և հայտնել, որ այդ լարերը մի օր փորձանք են դառնալու ու հիմա այսօր այդ փորձանքը եղավ և միայն իրենց աշխատակիցների և քաղաքացիների շնորհիվ կարողացել են շուտ տարհանել քաղաքացիներին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տարհանված բոլոր քաղաքացիները հնդիկներ են։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+

Նմանատիպ նյութեր